ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Չինաստանի հետ երկկողմ ռազմավարական և տնտեսական երկխոսության 5-րդ ռաունդի շրջանակում Վաշինգտոնում չինական կողմի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ հիասթափված է Սնոուդենի գործում Չինաստանի դիրքորոշումից: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Սպիտակ տունը:
Ամերիկյան հատուկ ծառայությունների գործունեությունը գաղտնազերծած Էդվարդ Սնոուդենը սկզբում թաքնվել էր Հոնկոնգում, որի իշխանությունները թույլ էին տվել նրան Ռուսաստան թռչել: ԱՄՆ-ը կարծում է, որ ինքնավար շրջանի ղեկավարությունը նման որոշում է ընդունել առանց Պեկինի գիտության:
Օբաման անհանգստություն է հայտնել գործին Չինաստանի մոտեցման առնչությամբ, ինչպես նաև հիշեցրել, որ Վաշինգտոնն անհանգստացած է ամերիկյան կոմերցիոն գաղտնիքների գողության առնչությամբ:
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը կողմ է արտահայտվել Չինաստանի հետ համագործակցության ակտիվացմանը, այդ թվում՝ տնտեսության ոլորտում: Կողմերը հաստատել են իրենց հակվածությունը Կորեական թերակղզու միջուկազերծման հարցում:








































