Թուրքիայի Հաթայ նահանգի Անտակիա քաղաքում գիշերը տեղի են ունեցել ոստիկանության հետ ցուցարարների նոր բախումներ: Ցուցարարների մեծաթիվ խումբը հավաքվել էր քաղաքի կենտրոնում՝ անցկացնելու չարտոնված ակցիա, որից հետո սկսել է քարեր նետել իրավապահների ուղղությամբ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ցուցարարներին թույլատրվել է փոքր երթ անցկացնել, սակայն երբ ոստիկանությունն արգելել է նրանց մուտքը Հանրապետության հրապարակ, իրադրությունը սկսել է թեժանալ: Իշխանությունները ցուցարարներին կոչ են արել հեռանալ, սակայն վերջիններս պատասխանել են նստացույցով: Որոշ ժամանակ անց նրանք փորձել են ճեղքել պաշտպանությունը, ինչից հետո էլ սկսվել են անկարգությունները:
Տեղ-տեղ ցուցարարների խմբերի ընդհարումները ուժայինների հետ շարունակվում են մինչ այժմ: Տեղի հեռուստատեսությունն ու սոցցանցերը հայտնում են ավելի քան 10 տուժածի մասին: Կատարվում են ձերբակալություններ: Հաղորդվում է, որ քաղաքում ոստիկանությանն աջակցելու համար ուղարկվել են ժանդարմերիայի ստորաբաժանումներ:
Ակցիայի պատճառը 19-ամյա տեղացի Իսմայիլ Կորմազի մահն էր: Նա հունիսի 2-ին վնասվածքներ էր ստացել անկարգությունների ժամանակ, իսկ 38 օր անց հիվանդանոցում մահացել:
Նշենք, որ անցած գիշեր Ստամբուլում ազատ են արձակվել հակակառավարական ցույցերի 12 ակտիվիստներ: Հուլիսի 8-ին 50 ակտիվիստ էր ձերբակալվել, որից 38-ին ազատ էին արձակել հինգշաբթի ցերեկը:









































