Հինգշաբթի Իրաքում տեղի ունեցած մի շարք ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ավելի քան 44 մարդ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Զինված ծայրահեղականները հարձակվել են Ալ-Հադիտա և Բայջի քաղաքների միջև ընկած ավտոմայրուղու վրա գտնվող նավթային օբյեկտների անվտանգության աշխատողների վրա: Միջադեպի հետևանքով զոհվել է 11 մարդ՝ հայտնել են ոստիկանությունում:
Ալ-Մուկդադիա քաղաքում ևս 11 մարդ դարձել է մահապարտ ահաբեկչի զոհը: Մահապարտն ականապատված մեքենա է պայթեցրել սգո արարողության ժամանակ:
Բացի այդ, Բաղդադի արևելքում օդ է թռչել պայթուցիկներով լի ավտոմեքենան: Այդ ահաբեկչությունը 4 մարդու կյանք է խլել՝ հայտնել են քաղաքի բժշկական ծառայությունների աշխատողները:
Տիկրիտ քաղաքում 3 պայթյուն է որոտացել: Հարձակման թիրախում եղել են ոստիկանական պարեկները: Հարձակման հետևանքով զոհվել է 3 ոստիկան: Հյուսիսային Մոսուլ քաղաքում նույնպես 3 ահաբեկչություն է տեղի ունեցել ուժային կառույցների հսկիչ-անցակետերի մոտ: Ռումբերը տեղադրված են եղել մահապարտների մեքենաներում: Զոհվել է 4 ուժային՝ հայտնել են իրավապահ մարմիններում:
Եվս 7 ոստիկան էլ դարձել է արևմտյան Անբար մարզում գրոհայինների հարձակումների զոհը:











































