Ժամանակակից արվեստի թանգարանում այսօր բացվեց «Արևելքից Արևմուտք, մոդեռնից՝ պոստմոդեռն, հայ արվեստագետներ» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին տարբեր ժամանակաշրջանների ավելի քան 70 հեղինակների նկարներ: Ցուցահանդեսը տարբերվում է նրանով, որ արդեն անվանի նկարիչների կողքին ցուցադրվեցին ժամանակակից ստեղծագործողների գործեր:
Ցուցահանդեսի կազմակերպիչ, «Բարձր արվեստ» կենտրոնի ղեկավար Աննա Գրիգորյանի հավաստմամբ՝ չնայած մենք գտնվում ենք անցումային փուլում, բայց պետք է չմոռանանք, որ արվեստն է երկրի արժեքները դարձնում մնայուն, հնարավորություն տալիս ներկայանալու աշխարհին. «Մենք առաջին հերթին մեր արվեստագետներին պիտի ներսում ճանաչենք. եթե իր երկրում արվեստագետը չի ճանաչվում, ապա ի՞նչ պիտի ասի դրսում»:
«Առաջին լրատվական»-ը զրուցեց ցուցահանդեսի մասնակից՝ լուսանկարիչ Հայկ Թութունջյանի հետ, ով խոսելով լուսանկարչության մասին՝ ասաց, որ վերջին տարիներին միայն տեխնիկական առաջընթաց կա, լուսանկարչության մեջ ինքն ուրիշ առաջընթաց չի տեսնում:
Մեր այն հարցին, թե ինքը ի՞նչ է նկարում, լուսանկարիչը պատասխանեց. «Լույսը, լույսն եմ նկարում, ես լուսանկարիչ եմ և իմ արվեստը լույսի վրա է հիմնված»:
Նշենք, որ ցուցահանդեսին մասնակցում էին նաև «Ոսկե ծիրանի» ներկայացուցիչները, որի շրջանակներում էլ դերասանուհի Արսինե Խանջյանին հանձնվեց արվեստագետ Հենրիկ Իգիթյանի անվան մրցանակ՝ հայ մշակույթը Սփյուռքում տարածելու և բարձր պահելու համար:
Մանրամասները դիտեք տեսանյութում:










































