Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի 19-ամյա բնակիչ Իսմայիլ Քորքմազի մահը, մայրաքաղաք Անկարայում և Հաթայ մարզում ցույցերի պատճառ է հանդիսացել: Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ և ջրցաններ կիրառել, հաղորդում է ITAR-TASS-ը:
Քորքմազը լուրջ վնասվածքներ է ստացել հունիսի 2-ին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ և 38 օր անց մահացել է հիվանդանոցում:
Անթաքյա քաղաքում հավաքվել է ցուցարարների մեծ խումբ, որը ցանկացել է երթով շարժվել դեպի կենտրոնական հրապարակ: Ոստիկանությունը փակել է ցուցարարների ճանապարհը և արգելել առաջ շարժվել, քանի որ ակցիան համաձայնեցված չի եղել իշխանությունների հետ:
Ոստիկանները ցուցարարներին կոչ են արել ցրվել, որից հետո արցունքաբեր գազ և ջրցաններ են կիրառել: Ի պատասխան՝ նրանք քարեր են նետել իրավապահ մարմինների վրա:
Մի քանի հարյուր մարդ մասնակցել է Անկարայում տեղի ունեցած ցույցին: Ոստիկանությունը մի քանի անգամ կոչ է արել ցուցարարներին ցրվել, սակայն ստանալով բացասական պատասխան՝ կրկին կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան:
Էսքիշեհիր քաղաքում, որտեղ մահացել է Քորքմազը, հավաքվել է շուրջ 5000 մարդ: Ցուցարարները, որոնց ձեռքերին եղել են մեխակներ, շարժվել են դեպի հիվանդանոց և ցույց անցկացրել դրա մոտ: Երթի ընթացքում լուրջ պատահարներ չեն եղել:










































