Գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը զգալիորեն կանդրադառնա հայաստանյան արդյունաբերության վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նա նշեց, որ հասարակության տարբեր շերտերի շրջանում գնահատականներ են հնչում, համաձայն որոնց՝ երկրում մեծանալու է սոցիալական լարվածությունը, միջին սոցիալական ապահովություն ունեցող ընտանիքի վրա թանկացումներն ամեն ամիս անդրադառնալու են 8-9 հազար դրամով:
Նրա համոզմամբ՝ այն, որ սակագների բարձրացումն արդյունաբերության վրա կունենա որոշակի ազդեցություն՝ հաստատ է:
«Ցեմենտի արտադրության մեջ ցեմենտի ինքնարժեքը կբարձրանա 20 տոկոսով, ապակու արտադրության մեջ՝ 27-28 տոկոսով: Գազ է օգտագործվում նաև մոլիբդենի արտադրության ժամանակ, որի վրա գազի սակագնի բարձրացումը կանդրադառնա 5-6 տոկոսով»,- պարզաբանեց Վազգեն Սաֆարյանը՝ հավելելով, որ առաջարկում են գազի սակագնի բարձրացումը մեղմել առաջին հերթին այլընտրանքային էներգետիկայի աղբյուրների օգտագործման միջոցով:
Ըստ նրա՝ Հայաստանում էներգիա ստանալու բոլոր հնարավոր եղանակները պետք է օգտագործել, որոնց արդյունքում մեր տնտեսության մեջ տեղի կունենան էներգակիրների իրացման, ծախսի որակական փոփոխություններ:
Սաֆարյանի կարծիքով՝ պետք է արդիականացվի ֆինանսավարկային համակարգը, պետք է ձևավորվի պետական ներդրումային զարգացման բանկ, էկոնոմիկայի նախարարությունից պետք է անջատվեն արդյունաբերության և տուրիզմի բլոկները, գյուղատնտեսության և էներգետիկայի նախարարությունները պետք է լինեն ոչ միայն ֆունկցիոնալ, այլև տնտեսաֆունկցիոնալ բնույթի:
Ուստի, Վազգեն Սաֆարյանի համոզմամբ, ՀՀ կառավարությունը պետք է լսի նաև գիտնականների խոսքը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































