Ջավախքում «Վրացական երազանքի» ակտիվիստները դժգոհ են ներկայիս իշխանությունների գործողություններից և մտադիր են այս կապակցությամբ բողոքի ակցիա կազմակերպել: Այս մասին հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը՝ վկայակոչելով Ախալքալաքի իր աղբյուրը:
Աղբյուրի խոսքերով՝ հուլիսի 13-ին, ժամը 11.00-ին, Ախալքալաքի շրջանի քաղաքային ժողովի շենքի մոտ նախատեսվում է բողոքի ակցիա անցկացնել՝ պահանջելով վերականգնել արդարությունը:
Ախալքալաքի բնակիչները դժգոհում են, որ իրենցից շատերը չեն ստացել գյուղատնտեսական երաշխավորագրեր: Նրանք նաև իրենց դժգոհությունն են արտահայտում ջրի համար հաշվիչներ տեղադրելու կապակցությամբ և պարեկային ոստիկանությունից, որը, նրանց խոսքերով՝ «աջ ու ձախ տուգանում է բնակչությանը»:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, հեռուստատեսությամբ ելույթ են ունեցել տեղի ակտիվիստներ Մելիք Ռայիսյանը և Նորիկ Կարապետյանը, որոնք բնակիչներին կոչ են արել ցույցի դուրս գալ: Ռայիսյանի խոսքերով՝ այսօրվա իշխանությունները հարցերը լուծում են մարդկանց վախեցնելու միջոցով:







































