Ինչպես նշում են ԵՄ երկրների ղեկավարները, եվրոգոտում ճգնաժամը դեռևս հաղթահարված չէ: Հակառակը՝ արմատական բարեփոխումների բացակայության պայմաններում այս ամռանը տնտեսական իրավիճակը կսկսի վատանալ: Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայում «Ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության նախագահ Մարին Լե Պենը:
«Եվրոգոտու ճգնաժամային ճակատում մեզ թեժ ամառ է սպասվում: Ճգնաժամը մեր հետևում չէ, այն դեռևս ամբողջությամբ առջևում է: Եվրոգոտին արդեն 6 եռամսյակ անընդմեջ գտնվում է տնտեսական ռեցեսիայի մեջ՝ յուրօրինակ դեպք աշխարհում»,- Լե Պենի խոսքերը մեջբերում է ITAR-TASS-ը:
Լե պենը Եվրամիությանը և իր երկրի 2 գլխավոր կուսակցություններին մեղադրել է այն բանում, որ նրանք վայրի գլոբալիզացիայի «կրակի վրա յուղ են լցնում»: Որպես իրավիճակից ելք՝ նա առաջարկել է «եվրոգոտու համաձայնեցված լուծարումը», ինչպես նաև կոչ է արել ազգային մակարդակում կիրառել պրոտեկցիոնիստական միջոցառումներ:
«Ես կարծում եմ, որ այս ամառ նոր ֆինանսական ճգնաժամի վտանգ կա, քանի որ ուլտրալիբերալ միջոցառումները, մասնավորապես՝ տնտեսական սարսափելի միջոցառումների տեսքով, որոնք կիրառվում են այժմ, կխորացնի Եվրամիության երկրներում ֆինանսական անկայունությունը, ինչն էլ, իր հերթին, կհանգեցնի հերթական ճգնաժամի»,-ասել է Լե Պենը:









































