Եվրամիությունը Հայաստանին ֆինանսական օժանդակություն կցուցաբերի իշխանությունների եվրաինտեգրացիայի քաղաքականությունն ու բարեփոխումները շարունակելու համար: Սա Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայաստանյան այցի գլխավոր մեսիջն է:
Ֆյուլեն, որ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարն է, Հայաստան այցը հատկապես կարևոր էր համարել Վիլնյուսում նոյեմբերին նախաստորագրվելիք Ասոցացման համաձայնագրի համատեքստում: Մինչ այդ, նույնիսկ եվրոպացի փորձագետներն էին սկսել կասկածի տակ դնել այն, որ Հայաստանը կստորագրի տվյալ փաստաթուղթը նոյեմբերին: Նրանց կարծիքով` այդ քայլին կխանգարի Ռուսաստանը:
Ֆյուլեն, ամենայն հավանականությամբ, Երևան էր ժամանել Հայաստանի իշխանությունների տրամադրությունները ստուգելու և միգուցե հավելյալ երաշխիքներ ստանալու համար, որ Երևանը հետ չի կանգնի պրոցեսից: Երևանում էլ Ֆյուլեից երևի թե պահանջել են հավելյալ ֆինանսական միջոցներ՝ հետ չկանգնելու համար: Ըստ ամենայնի կողմերը եկել են որոշակի համաձայնության, քանի որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը հետևողական է լինելու եվրոպական ուղու հարցում, իսկ Ֆյուլեն էլ դրական է գնահատել անցած ժամանակը և հայտարարել, որ Եվրամիությունը կշարունակի ֆինանսական օժանդակությունը Հայաստանին:
Եթե հաշվենք, թե անկախության առաջին տարիներից ի վեր ինչքան ֆինանսական օգնություն է Հայաստանին ցուցաբերել Արևմուտքը, ապա կստացվի իսկապես հսկայական մի պատկեր: Միայն 2 միլիարդ դոլարից ավելի փող և տեխնոլոգիաներ Հայաստանին նվիրաբերել է, պարտք չի տվել, այլ նվիրաբերել է ԱՄՆ-ը: Մի քանի հարյուր միլիոն դոլարի են հասնում նաև եվրոպական դրամաշնորհները կամ արտոնյալ վարկերը: Ընդհանրապես, Արևմուտքն այս տարիներին մի քանի միլիարդ դոլարի դրամաշնորհ և վարկ է տվել Հայաստանին, որոնք լիուլի բավարար կլինեին ապահովել անցումային շրջանը և ձևավորել նոր որակի պետություն, նոր հասարակական մտածողություն, արժեքներ, հոգեբանություն, կտրել Հայաստանը խորհրդա-ռուսական ճահճից: Դրա շնորհիվ հնարավոր կլիներ նաև լիովին նոր որակի հայ-ռուսական հարաբերություն կառուցել, որտեղ կողմերը կլինեին իսկապես գործընկերներ, ոչ թե կձևացնեին, թե այդպիսին են, բայց Ռուսաստանը կզիներ մեր թշնամուն:
Արևմտյան ներդրումներն ու դրամաշնորհները, դեռ սփյուռքի փողերը չհաշված, որոնք առաջին մեկուկես տասնամյակում առավելապես արևմտյան սփյուռքից էին, իրենց ծավալներով գերազանցում էին այն ներդրումները, որ Հայաստանում անում էր Ռուսաստանը` հիմնականում դրանց տակ ներկայացնելով պարտքի դիմաց Հայաստանից գանձված ակտիվները: Սակայն այսօր, երբ փորձում ենք արձանագրել արևմտյան ֆինանսական ներդրումների հետքերը, ապա դրանք տանում են ոչ թե պետական և հասարակական ինստիտուտներ, որոնք ձևավորվել են և վերածվել պետական առաջընթացի ու զարգացման ամուր սյուներ, այլ տանում են մի քանի բարձրաստիճան պաշտոնյայի, մի քանի օլիգարխի և նաև բրգաձև նրանց մանկլավիկների գրպանները:
Եթե Հայաստանում այս տարիների ընթացքում ստացված արևմտյան գումարների անկախ աուդիտ անցկացվի, ապա կարող է պարզվել, որ Արևմուտքը պարզապես ֆինանսավորել է Հայաստանի պաշտոնյա օլիգարխների դասի՝ հարազատների, բարեկամների, ուստրերի ու դուստրերի, նույնիսկ թիկնապահների ավտոպարկի ընդլայնումը, տների ու դղյակների կառուցումը, էկզոտիկ և տարաբնույթ այլ ժամանցների անցկացումը: Մի խոսքով, ֆինանսավորվել է ոչ թե պետության զարգացումը, այլ ավիրումն ու փոշիացումը: Բայց նման անկախ աուդիտ չի իրականացվում:
Մի քանի անգամ խոսակցություններ են եղել տարբեր վարկային ծրագրեր ուսումնասիրելու համար, նույնիսկ ջրամատակարարման ծրագրում մի քանի միլիոն դոլարի չարաշահումների մասին կարծես թե հայտարարվեց խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի մակարդակով, սակայն այդ ամենը մնաց անհետևանք, և Հայաստանում օտարերկրյա գումարների անարդյունավետության հարցն այդպես էլ մնաց ննջող: Այդ քունն, իհարկե, միանշանակ ձեռնտու է իշխանություններին, և նրանք շահագրգռված են «օրորոցայինով», որ հարցը հանկարծ չարթնանա: Սակայն հարցը պետք է որ մտահոգեր նաև Արևմուտքին, թե ուր են գնում արևմտյան երկրների հարկատուների գումարները, որոնք գալիս են Հայաստան տարբեր հանրային կամ պետական ծրագրերի համար:
Ասել, որ դրանք ոչ մի բանի ստեղծման չեն ծառայել` իհարկե սխալ կլինի: Խոսքը ընդամենը արդյունավետության տոկոսի, կամ փոշիացման տոկոսի մասին է: Այս հարցը պետք է հուզեր Արևմուտքին, առավել ևս, որ տեղիք է տալիս մեկ այլ վտանգավոր մտայնության՝ Արևմուտքը Հայաստանին գումարներ է տալիս` չմտածելով դրանց ճակատագրի մասին, քանի որ գլխավոր նպատակն իշխանություններին կախվածության մեջ գցելն է:
Իսկ երբ արևմտյան երկրները հետևողական ու սկզբունքային չեն իրենց գումարների ծախսման արդյունավետության հարցում, այդպիսով նպաստում են Արևմուտքի հանդեպ հասարակական կարծրատիպերի ձևավորմանը՝ որ Արևմուտքն էլ, ինչպես Ռուսաստանը, յուրովի է խրախուսում իշխանական թալանը, իշխանությունների վրա ազդեցություն ունենալու համար: Այս պայմաններում, երբ խոսք է գնում Հայաստանի իշխանություններին հատկացվելիք նոր ֆինանսական օժանդակության մասին՝ չափերից անկախ, առաջին հերթին հարց է առաջանում, թե պետությանն ու հասարակությանը դրանից ի՞նչ: Չէ՞ որ նույն Արևմուտքն է փաստում, որ կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանը չի արձանագրել ցանկալի արդյունքներ: Այդ մասին մի քանի շաբաթ առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպանն էր հայտարարել: Նման իրավիճակում Հայաստանի իշխանություններին ֆինանսներ տալը նշանակում է սնել կոռուպցիան: Հետևաբար` Արևմուտքի համար ժամանակն է մտածել Հայաստանին ֆինանսապես աջակցելու նոր մեխանիզմներ:
Այս տեսանկյունից, ԱՄՆ-ը կարծես թե բավական պրոդուկտիվ ուղու վրա է, և դեսպան Հեֆերնը փորձում է ամերիկյան ներդրումներ ներգրավել բիզնեսի ոլորտ, որպեսզի ներդրողները, այսպես ասած, իրենք լինեն իրենց գումարների տերն ու անմիջականորեն հարաբերվեն այդ գումարների հասցեատիրոջ՝ սպառողի, Հայաստանի բնակչի հետ: Այսինքն` ԱՄՆ-ն ակնհայտորեն փորձում է իշխանություններին հանել որպես ֆինանսական միջնորդ ամերիկյան կապիտալի և Հայաստանի ժողովրդի միջև: Եվրամիության համար ևս սա կարող է լինել լավ օրինակ՝ ուղղակի աշխատել բնակչության հետ և գտնել տարբերակներ, երբ իշխանության միջնորդության կարիքը կամ բոլորովին չկա, կամ հասցված է անվտանգ նվազագույնի:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի







































