«Այն պահին, երբ ըստ մեղադրանքի, հայրիկս միջոցներ է ձեռնարկել, որպեսզի մարդկանց Ազատության հրապարակից տեղափոխի Խորենացի փողոց, ես Խորենացի փողոցում եմ եղել։ Ես միայն գիտեմ, որ հայրիկս խոսացելա գնդի տղաներից մեկի հետ և տեղեկացել, որ տեխնիկայի շարժ կա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Կարո Եղնուկյանի դուստրը՝ Էլմոն Եղնուկյանը՝ անդրադառնալով իր հորն առաջադրված մեղադրանքին։
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է չորս դրվագով, և նրան սպառնում է առնվազն քսան տարվա կալանք, սակայն փաստաբանի պնդմամբ՝ այդ մեղադրանքներն անհիմն են, և նույնիսկ նախաքննական մարմնին չի հաջողվում հիմնավորել դրանք։
Աղջկա խոսքով նույնպես հորն առաջադրված մեղադրանքն անհեթեթ է, քանի որ ժողովուրդն ինքնակամ է Ազատության հրապարակից Խորենացի տեղափոխվել, այլ ոչ թե իր հոր ուղղորդմամբ։
Եղնուկյանի դուստրը նշեց, որ իրեն ևս այդ օրը բերման են ենթարկել, իր խոսքերով՝ առևանգել են, քանի որ հուլիսի 29 օրը, երբ ոստիկանները հատուկ միջոցներ օգտագործեցին, ինքը քրոջ հետ փախել է և պատսպարվել Սարի թաղի բնակիչներից մեկի տանը։ Երբ զգացել են, որ վիճակը քիչ ավելի հանգիստ է, դուրս են եկել, և իր ընկերներից մեկը մեքենայով նրանց փորձել է տանել, սակայն ոստիկանները կանգնեցրել են մեքենան և առանց ներկայանալու, հայհոյելով, ծեծելով մեքենայի վարորդին հանել են ղեկից և նստելով մեքենայի ղեկին՝ իրենց տեղափոխել են բաժին։
Էլմոն Եղնուկյանը նշեց, որ իրենց հիմա էլ հետապնդում են և իրենց տան մոտ միշտ կասկածելի անձանց են հանդիպում։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:








































