Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Գյումրիի «Շիրակ»-ը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց:
Առաջին փուլի պատասխան խաղում գյումրեցիները նվազագույն հաշվով պարտվեցին Սան Մարինոյի «Տրե Պենե» ակումբին: Առաջին խաղում 3:0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ «Շիրակ»-ը կշարունակի պայքարը:
Սան Մարինոյում կայացած հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ «Շիրակի» պաշտպան Սամուել Կյերեն, ով ինքնագոլ գրանցեց: Գյումրեցիները բազմաթիվ գոլային պահեր ունեցան, սակայն այդպես էլ չկարողացան գրավել դաշտի տերերի դարպասը: «Տրե Պենեն» առաջին հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում:
«Շիրակ»-ը 3:1 ընդհանուր հաշվով որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց, որի շրջանակներում կխաղա Սերբիայի գործող չեմպիոնի` Բելգրադի «Պարտիզանի» դեմ:





































