Hayeli.am-ը զրուցել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ.
–Լրատվամիջոցներից մեկում լուրեր էին տարածվել, թե Դուք դեմ եք արտահայտվել Վահե Հակոբյանի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու որոշմանը։
-Նման բան չկա։ Որևէ հարցազրույց այդ լրատվամիջոցին ես չեմ տվել։ Եվ ընդհանրապես, այս ընթացքում ես հարցազրույցներ չեմ տվել ոչ մի լրատվամիջոցի։
–Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այդ որոշմանը։
-Շատ դրական, շատ նորմալ։
–Ճի՞շտ է, որ մինչև Վահե Հակոբյանին մարզպետ նշանակելը նախագահ Սերժ Սարգսյանը զրուցել է Ձեզ հետ իր այս որոշման մասին։
-Այո, ինձ հետ քննարկվել է այդ որոշումը։ Եվ Վահե Հակոբյանի թեկնածությունը առաջարկողներից մեկն էլ ես եմ եղել։ Այլ անուններ, այլ թեկնածուներ են եղել, բայց ես պաշտպանել եմ Վահե Հակոբյանի թեկնածությունը։ Բնական է, որ Սյունիքի մարզպետ պետք է լինի մի մարդ, ով շատ լավ տեղյակ է մարզի խնդիրներին, հոգսերին։ Հայտնի է նաև, թե ով է Վահե Հակոբյանի հայրը՝ Մաքսիմ Հակոբյանը, ինչ դեր և նշանակություն է ունեցել մարզի համար։ Ասում են, թե Վահեն երիտասարդ է այդ պաշտոնը զբաղեցնելու համար։ Բայց եթե մարդը նույն ընտրատարածքից 3 անգամ պատգամավոր է ընտրվել, սա նշանակում է, որ ժողովուրդը նրան հավատում ու վստահում է։
–Հայտնի է, որ Սյունիքում մեծ ազդեցություն ունեք Դուք և Հակոբյանները։ Բայց այդ ազդեցությունն առանձնապես չօգնեց, որպեսզի իշխող կուսակցությունն ընտրություններին մեծ հաջողություն ունենա։
–Ո՞վ ասեց, որտե՞ղ։ Մենք 65 տոկոս ենք հավաքել։
–Օրինակ, Ղափանում լավ չէր ձեր վիճակը։
-Դե, գիտեք, շատ հարցեր կան։ Ղափանում ամենալուրջ խնդիրն այն է, որ քաղաքում շատ տարածված են աղանդավորական շարժումները։ Եվ բոլոր այդ աղանդավորները նախագահական ընտրություններին իրենց ձայնը տվել են Րաֆֆի Հովհաննիսյանին։
–Ի՞նչ հարաբերություններ ունեք հիմա Բուդաղյանների հետ։
-Ողբերգություն է պատահել։ Բայց ամեն ինչ լրատվամիջոցների կողմից էլ ավելի խտացվեց, այնպես են սրել իրավիճակը, որ ես չեմ պատկերացնում, թե հետագայում ինչ հարաբերություններ կարող են լինել։ Նախ, Բուդաղյանները սգի մեջ են, նրանց որդու քառասունքը դեռ չի լրացել։ Ես թույլ չեմ տվել, որպեսզի որևէ մեկը գնա և իմ անունից նրանց հետ ինչ-որ բան քննարկի։ Հետագայում ես կիմանամ, թե ինչ կանեմ։
-Բայց նման ողբերգությունը մեկ օրում չի հասունանում։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ ավելի վաղ է ձևավորվել թշնամանքը։
-Մեր միջև չի եղել մի բան, որ կարող էր մարդուն ստիպել զենքով գալ մարդու տան վրա։ Դրա համար կամ պիտի արյուն թափված լիներ, կամ բարոյական մեծ վնաս պետք է հասցրած լինեի նրանց։ Դրանցից և ոչ մեկը չի եղել մեր միջև, որպեսզի զենքով գային… Զենքով ընտանիքի վրա գալիս են միայն այդպիսի դեպքերում։
–Լուրեր են շրջանառվում, որ ձեր միջև խնդիրներ են առաջացել քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ Ավետիք Բուդաղյանն առաջադրվել էր որպես քաղաքապետի թեկնածու։
-Ընտրությունը մնում է ընտրություն, և եթե ես այդ ժամանակ ուրիշ թեկնածուի եմ պաշտպանել, դա չի նշանակում, թե պետք է թշնամանք լիներ, որը հետո կհանգեցներ նման ողբերգության։ Ինձ համար էլ անհասկանալի, թե ինչպես, ինչու նման բան պատահեց։ Ինձ համար շոկային է, թե ինչու պիտի նրանք զենքով գային իմ տուն։
–Ունեցվածքի, ազդեցությունների վերաբաշխման խնդիր չի՞ եղել։
-Ոչ, նման բան չի եղել և չէր կարող լինել։ Եվ եթե Բուդաղյանների հոր մեջ մարդկային նշույլ կա, նա կհաստատի, որ նման բան լինել չէր կարող։
–Շատ խոսվում է Սյունիքի մարզում առկա վախի մթնոլորտի մասին։
-Դուք վատ գիտեք սյունեցիներին։ Ընդհանրապես, պետք է հպարատնալ սյունեցիներով։ Գնացեք, ծանոթացեք պատմությանը և դուք էլ կհամոզվեք, որ այդ մարդանց հնարավոր չէ պահել վախի մեջ։ Սյունեցիներին վախկոտ անվանելը ստորություն է։ Եվ վախի մթնոլորտի մասին առասպելն էլ է տարածվել լրագրողների կողմից, որպեսզի կրակի վրա անընդհատ բենզին լցնեն, պատմությունն անընդհատ թեժ պահեն։ Ես չգիտեմ, թե ում է սա ձեռնտու։










































