Իլինոյսում տեղակայված ամերիկյան ռազմաօդային ուժերի «Սկոտ» ավիաբազայի օդաչուները հրաժարվել են թռիչքի ժամանակ աէրոնավիգացիոն թղթային քարտեզներից ու ցուցմունքներից: Այս մասին հայտնում է AirForceTimes-ը: Դրա փոխարեն նրանք այժմ օգտվում են iPad Mini պլանշետներից, որոնցում ներբեռնվել է անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը:
Զինվորականների գնահատականով՝ էլեկտրոնային սարքի կիրառումը հեշտացրել է օդանավի կառավարումը: Բացի այդ, iPad-ը թույլ է տալիս ազատվել բազմաթիվ թղթերից, ինչպես նաև զգալիորեն կրճատում է երկու ամիսը մեկ դրանց պարբերական թարմացման ծախսերը: Մեկ տարվա ընթացքում մեկ օդանավի թղթերը թարմացնելու համար պահանջվում է 25 հազար դոլար:
Ինչպես նշում է պարբերականը, որպես կանոն՝ օդաչուներն իրենց հետ վերցնում են 22 կգ թղթային քարտեզներ և թռիչքին առնչվող հրահանգներ: Իսկ պլանշետը կշռում է ընդամենը 300 գրամ:
Պլանշետի դեպքում պետք է միայն հոգ տանել մարտկոցի լիարժեք լիցքավորման մասին:












































