Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին օգոստոսի 7-ին կժամանի Բաքու՝ մասնակցելու համար Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի հետ բանակցություններին:
Ակնկալվում է, որ եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվելու են առևտրի, էներգետիկայի, հեռուստահաղորդակցությունների, շրջակա միջավայրի, տրանսպորտի, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում եռակողմ համագործակցության ընդլայնման հարցեր:
Իրանի նախագահը երկկողմ հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահի հետ, քննարկելու է առևտրի, արդյունաբերության, էներգետիկայի, մշակույթի, բանկային, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտի ոլորտներում ձեռքբերված համաձայնագրերի իրագործումը:
Ռուհանին նաև երկկողմ հանդիպում կունենա Պուտինի հետ՝ քննարկելու համար փոխադարձ շահերի ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները:









































