Պեկինի համալսարանի գիտնականները գտել են Խուանխե գետի մեծածավալ հեղեղման լեգենդի հաստատումը, որը տեղի է ունեցել մ.թ.ա. մոտ 1920 թվականին: Հետազոտության տեքստին կարելի է ծանոթանալ Science պարբերականում:
Հետազոտողները ապարների փլատակների տակ հայտնաբերել են 3 մանկական կմախք: Նրանք ենթադրում են, որ երեխաները տուժել են սողանքից: Գիտնականները պարզել են, որ դեպքից որոշ ժամանակ անց ջրի մակարդակը բավականին բարձրացել է՝ մինչև 38 մ, իսկ հունի լայնությունը ավելացել է մի քանի անգամ:
Ըստ լեգենդի՝ Սյա դինաստիայի Յույ կայսրը չին ժողովրդին փրկել է ջրհեղեղից՝ ջրանցքներ ստեղծելով և դրանով իջեցնելով Խուանխե գետի մակարդակը: Սակայն, համաձայն հետազոտության արդյունքների՝ իրականում ջրհեղեղը տեղի է ունեցել մոտ հարյուր տարով ավելի ուշ: Դա գիտնականներին ստիպել է մտածել, որ Սյա դինաստիան առաջացել է ընդունված ժամանակից ավելի ուշ, ինչպես նաև հարցականի տակ է դրել Չինաստանի ստեղծման ժամանակը:








































