Այս տարվա հուլիսի 1-ից գործում է գազի գնի նոր սակագին՝ 1000 խմ-ի դիմաց սպառողներին մատակարարվող 132 հազար դրամի փոխարեն այն կմատակարարվի 156 հազար դրամով: Գազի գնի թանկացման հետևանքով հանրապետությունում փակվելու վտանգի տակ են մի շարք ջերմոցներ:
«Առաջին լրատվական»-ին ջերմոցատեր Արթուր Համբարձումյանը փոխանցեց, որ արդեն իսկ դրանցից շատերը սկսել են փակվել, ջերմոցատերերի մի մասը քանդել են իրենց ջերմոցները, մյուս մասի տերերը տարածքը վարձակալությամբ հանձնել են. «Ջերմոցատերերից շատերը ջերմոցները վարձակալությամբ տալիս են մի քիչ միամիտ մարդկանց, մինչև որ նրանք էլ խորտակվեն, հետո գտնեն ուրիշին, և այսպես շարունակ»:
Ջերմոցատերն ասաց, որ ինքն անցյալ տարվանից արդեն ջերմոցում գազ չի վառում, որովհետև գիտի՝ միայն տանջանքն է իրեն մնալու, իսկ ջերմոցի առավելությունն այն է, որ ուշ աշնանը, ձմռանը և վաղ գարնանը տաք պայմաններում բերք աճեցնեն և շահույթ ստանան. «Առաջ մի կերպ կարողանում էինք հարցերը լուծել, հիմա դա էլ հնարավոր չէ. եթե 3 հա ջերմոցի համար ամիսը մոտ 8-10 մլն դրամ գազի փող պիտի տամ, հաստատ չեմ աշխատի: Ջերմոցը չեմ կարող փակել, որովհետև սիրում եմ այդ աշխատանքը, բայց կողքից ուրիշ աշխատանք կգտնեմ, որ ապրենք»:
Պրն Համբարձումյանը նշեց, որ գազի գնի թանկացումն իրենից ենթադրում է նաև բանջարեղենի գնի թանկացում, սակայն վերջին 15 տարիներին ինչքան էլ գազը կամ էլեկտրաէներգիան թանկացել են, ոչ մի անգամ բանջարեղենը չի թանկացել. «Եթե մեզ մոտ բանջարեղենը մի փոքր թանկանում է, իսկույն շուկան լցվում է թուրքական ու պարսկական բանջարեղենով, քանի որ այդ երկրներն ավելի լավ պայմաններ ունեն, ավելի էժան են բերում, և տեղական արտադրանք ապահովողը չի կարողանում շուկայի մրցակցությանը դիմանալ»:
Մեր այն հարցին, թե գուցե ջերմոցատերերով հավաքվեք և ծրագի՞ր ներկայացնեք կառավարությանը, մեր զրուցակիցը թերահավատությամբ պատասխանեց, որ նման բան չի լինի. «Հատուկ մեզ համար գազը չեն էժանացնի ու ասեն՝ ձեր գործը լավ արեք, ժողովուրդը թող ուտի որակյալ բանջարեղեն: Եթե ամբողջ հայ ժողովուրդն էլ հավաքվի, չնայած չեմ կարծում, որ կհավաքվի, կառավարությունը մեր ձայնը չի լսի»:
Նա համոզված է՝ Ռուսաստանը եթե ցանկություն ունենար, անգամ անվճար կարող էր մեզ գազ մատակարարել, բայց դա չի անում, որովհետև միշտ մեծ պետություններին ձեռնտու է, որ իրենց գործընկերները խեղճ և կառավարելի լինեն. դա ներքին քաղաքականություն է, որը Ռուսաստանը դարեր շարունակ բանեցնում է մեր նկատմամբ:
Մեր զրուցակցի հավաստիացմամբ՝ հիմա կաշխատեն այն ջերմոցները, որոնց տերերը ազատ գումարներ ունեն, և այս պահին կարևորը շահույթ ունենալը չէ. «Մեծ ներդրումներ արած ջերմոցները քիչ-քիչ մենակ կմնան, որը կտանի դաշտի մոնոպոլացման: Արդյունքում այն մարդիկ, ովքեր ուզում էին մի քիչ գումար աշխատել և ոտքի կանգնել, նորից կընկնեն աղքատության մեջ»:











































