Իշխանության համակարգում տարիներ շարունակ գոյություն ունեցող հակամարտությունը նախագահական ընտրություններից ու հատկապես նույն կառավարության վերանշանակումից հետո կարծես թե գնալով ավելի է սրվում: Հետաքրքիր է, որ այդ հակամարտությունն այժմ մեծ թափ է ստացել Հանրապետական կուսակցության ներսում:
Եթե մինչև Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական հակամարտությունը հիմնականում «Բարգավաճ Հայաստան» և Հանրապետական կուսակցությունների միջև էր, ապա արդեն երկու ամիս է, այն տեղափոխվել է իշխող կուսակցության խորքերը: Իհարկե, ԲՀԿ-ն դրսից է այդ հակամարտությանը տոն տալիս: Ամեն դեպքում հետաքրքիր է, թե ինչ է այսօր տեղի ունենում ՀՀԿ-ում և ընդհանրապես քաղաքական դաշտում:
Հայտնի է, որ ԲՀԿ-ն երկար ժամանակ պայքարում էր ստանալու վարչապետի պաշտոնը կամ այդ պաշտոնին նշանակված տեսնել թեկուզ ՀՀԿ-ից, բայց իր համար ընդունելի մեկին: Բայց հավանաբար հասկանալով, որ դրսից պայքարելով՝ անհնար է հասնել ցանկալի արդյունքի, և երբ նախագահական ու Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո պարզ դարձավ, որ ոչ միայն վարչապետը, այլև գրեթե ողջ կառավարությունն է վերանշանակվելու, քաղաքական ճարտարապետները պայքարը տեղափոխեցին ՀՀԿ-ի ներսը: Այսօր արդեն ակնհայտ է այդ հենքով ընթացող պայքարի դետալներից մեկը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աննախադեպ հակամարտությունը, որը տեղի է ունենում մամուլում կամ խորհրդարանում որևէ քննարկման ժամանակ՝ բնականաբար գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնի համար:
Իսկ հակամարտությունն աննախադեպ է, քանի որ Հայաստանում դժվար է հիշել մի վարչապետի, որի նկատմամբ ոչ միայն ընդդիմադիր, այլև իշխանության ներսից այսքան սուր դիմադրություն լինի: Խնդիրն այն չէ, որ գործող վարչապետ Տիգրան Սարգսյանն ավելի վատ է աշխատում, կամ նրա նախորդներն ավելի լավ են աշխատել, կամ՝ այդ պաշտոնին ձգտողն է ավելի լավ աշխատելու ու զարգացնելու Հայաստանի տնտեսությունը: Եվ ոչ էլ այն, որ Տ. Սարգսյանի անվան հետ որոշակի աղմկոտ իրադարձություններ են կապված: Խնդիրն այն է, որ այսօր իշխանության համար սուր պայքար է ընթանում, որի դեպքում վարչապետի պաշտոնը խիստ կարևոր նշանակություն ունի:
Նշենք, որ անկախ Սահմանադրության պահանջներից` ՀՀ-ում արդեն երկար տարիներ կառավարման այնպիսի մոդել է ստեղծվել, որ վարչապետը տնտեսության վրա, մեծ հաշվով, ազդեցություն չի կարող ունենալ: Լավագույն դեպքում կարող է կոսմետիկ, ընթացակարգային փոփոխություններ անել: ՀՀ վարչապետները տարիներ շարունակ չեն կարողացել ազդեցություն ունենալ երկրի ու տնտեսության համար այնպիսի կարևոր ոլորտների կամ ցուցանիշների վրա, ինչպիսին են հարկային-մաքսային համակարգը կամ ՀՆԱ/հարկեր հարաբերակցությունը, արտաքին ու ներքին ներդրումների համար ապահով պայմանների ստեղծումը, ներկրման ոլորտում մենաշնորհների վերացումը և այլն: Անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաերկարակյաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանն անգամ չկարողացավ նման ազդեցություն ունենալ, թեև իր թիկունքին ուներ Հանրապետականի նման հզոր կուսակցություն: Մեծ հաշվով, նա չէր դիմադրում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Անգամ Սերժ Սարգսյանը վարչապետ եղած ժամանակ չի ունեցել այդ ազդեցությունը: Այս երկուսի պաշտոնավարման շրջանում էլ Ռ. Քոչարյանի ձեռքում են եղել տնտեսական գրեթե բոլոր լծակները: Ավելի շուտ տնտեսական լծակների կենտրոնացումը սկսվեց Ռ. Քոչարյանի նախագահության շրջանից և այդպես շարունակվում է մինչ օրս: Ռ. Քոչարյանի նախագահության շրջանից սկսած վարչապետներից առավել ուժեղ և ինքնուրույն էր միայն Վազգեն Սարգսյանը: Վ. Սարգսյանի համեմատությամբ ոչ միայն թույլ վարչապետ էր Ռ. Քոչարյանը, այլև նրա վարչապետության օրոք թույլ նախագահ էր:
Ինչ վերաբերում է մերօրյա զարգացումներին, ապա վարչապետի պաշտոնն իր բոլոր թուլություններով հանդերձ կարծես թե դարձել է իշխանությանը հասնելու միակ ճանապարհը: Այդ պաշտոնին տարիներ շարունակ ձգտել է Հ. Աբրահամյանը: Վերջին տարիներին դրան հասնելու համար նա օգտագործել է իր խնամի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին: ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը նա օգտագործել է այդ պաշտոնին հասնելու համար, իսկ 2011-ի պաշտոնանկությունը նրան ստիպեց գործել ընդհատակյա եղանակով: Սակայն Հ. Աբրահամյանից ավելի հզորներն են այսօր պայքարում այդ պաշտոնի համար՝ նույն Ռ. Քոչարյանը: Նրա՝ իշխանության վերադառնալու ամենակարճ և արդյունավետ տարբերակը վարչապետ դառնալն է: Եվ եթե մինչև նոր կառավարության նշանակումը Ռ. Քոչարյանն ու իր թիմը այդ պաշտոնին «խաղաղ ճանապարհով» հասնելու հույս ունեցել են, այսօր դա շատ է դժվարացել: Այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ վարչապետի պաշտոնին ձգտող բոլոր ուժերն ու անհատները համախմբված թուլացնում են Տ. Սարգսյանին: Եվ կարծես թե օֆշորային ու այլ սկանդալներով այնպիսի իրավիճակ են ստեղծում նրա շուրջ, այնպես վարկաբեկում, որ Ս. Սարգսյանը նրան պաշտոնանկ անելու այլընտրանք չունենա: Իսկ եթե Ս. Սարգսյանը որոշի վարչապետ փոխել, այս անգամ արդեն շատ դժվար կլինի այդ պաշտոնին ձգտողներին բացատրել, թե ինչու հենց իրեն չի նշանակում վարչապետ: Եթե Ս. Սարգսյանը Տ. Սարգսյանին պաշտոնանկ անի, բավականին դժվար կլինի Ռ. Քոչարյանին դիմակայելը և նրան այդ պաշտոնին չնշանակելը: Իսկ եթե տեղի տա ու նշանակի, լավ գիտի, որ ինքը լավագույն դեպքում կհայտնվի Անգլիայի թագուհու կարգավիճակում, իսկ վատագույն դեպքում կարճ ժամանակ հետո հրաժարական կտա:
Փաստորեն այժմ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ իր բոլոր թուլություններով, իր անվան հետ կապված սկանդալներով հանդերձ Տ. Սարգսյանը դարձել է Ս. Սարգսյանի պաշտոնավարման գրավականը: Եվ որքան նա վարչապետ է, նույնքան ժամանակ Ս. Սարգսյանը նախագահ է: Եվ որքան Տ. Սարգսյանը կարողանում է երկարաձգել իր պաշտոնավարումը, նույնքան դա վերաբերում է Ս. Սարգսյանի պաշտոնավարմանը: Ամեն դեպքում իշխանության համար պայքարի սուր մեկնարկը տրված է համապետական ընտրություններից անմիջապես հետո և հերթական ընտրություններից 4 տարի առաջ, և իր հանգրվանին կհասնի աշնանը: Կկարողանա՞ արդյոք Ս. Սարգսյանը դիմակայել հզոր հակառակորդներին և ներիշխանական այլ փոփոխությունների արդյունքում իր դիրքերն ամրապնդել ու շարունակել հետագա պաշտոնավարումը: Թե՞ զիջելով վարչապետի ու այլ առանցքային պաշտոնները՝ կզիջի նաև իր իրական իշխանությունը: Ահա այս հարցն այսօր դարձել է քաղաքական քննարկումների հիմնական թեման:










































