Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեի և միջազգային մամուլի դիվանագիտական աղբյուրների հայտարարությունները, թե ընթացիկ տարվա հունիս ամսին նախատեսվում էր Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում, մտածելու տեղիք է տալիս: Թեև հայկական դիվանագիտական աղբյուրները լռում են, դեսպան Մոնյեն Ադրբեջանում հայտարարում է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևն է առաջարկել նախագահների միջև հանդիպում կազմակերպել, որը չի կայացել՝ կարծես թե ակնարկելով, որ հանդիպումը տապալվել է հայկական կողմի պատճառով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Զեռկալո» ադրբեջանական թերթի և առցանց պարբերականի քաղաքական տեսաբան, փորձագետ Ռաուֆ Միրկադիրովը մեկնաբանեց, թե ինչու է Ադրբեջանի նախագահը նախագահների մակարդակով հանդիպում խնդրել, և ինչու է այն տապալվել:
Միրկադիրովն ասաց, որ դեսպանի հայտարարության մեջ այդքան էլ հստակ չի ասվում, որ Ալիևը ցանկանում էր նման հանդիպում: Իրականում, ըստ Միրկադիրովի, տակտիկական պայքար է՝ յուրաքանչյուր կողմ իր խնդիրներն է լուծում: Նրա կարծիքով՝ պաշտոնական Բաքուն պատրաստ չէ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել նախագահական ընտրություններից առաջ, նամանավանդ այն դժվար իրավիճակի պարագայում, որը ստեղծվել է ընդդիմության հետ՝ Ադրբեջանում նախագահական ընտրություններին ընդառաջ:
«Ադրբեջանում հանրության կոնսոլիդացիա է տեղի ունենում, որի դեպքում ինչ-որ փաստաթղթի ստորագրությունը չեմ կարծում, թե Ադրբեջանի համար ճիշտ է: Բայց միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը հետաքրքրված է բանակցային գործընթացի առաջընթացով: Ընտրությունները լինելու են աշնանը, ընտրական գործընթացը կավարտվի, իսկ ԼՂ խնդիրը կմնա հիմնական գլխացավանք ոչ այն պատճառով, որ քսան տարի չի հանգուցալուծվում, այլ այն պատճառով, որ սկզբից հայրը, հետո էլ որդին չեն կարողանում այն լուծել: Հետաքրքիր է դիտարկել հետևյալ հարցը՝ եթե Ալիևը հետաքրքրված էր հանդիպմամբ, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը հրաժարվել դրանից: Չգիտես ինչու Հայաստանը պնդում է, որ ուզում է խաղաղ բանակցություններ այն դեպքում, երբ հրաժարվում է հանդիպումից»,- տեսակետ հայտնեց Ռաուֆ Միրկադիրովը՝ հավելելով, որ այս պահին Սերժ Սարգսյանը պարզապես դժվարին կացության մեջ է հայտնվել, ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ: Այսօր, ադրբեջանցի փորձագետի համոզմամբ, Սերժ Սարգսյանին ձեռնտու չէ նման հանդիպում, քանի որ նա լուծում է այն խնդիրը, թե ինչպես գնալ Արևմուտք և մնալ Ռուսաստանի հետ:
Փորձագետը նաև տարօրինակ է համարում պաշտոնական Երևանի հայտարարությունները, որ Հայաստանն ասում է, թե ինքը խաղաղության կողմնակից է, բայց Ադրբեջանը պատրաստ չէ կամ իրավիճակը չի հասունացել: «Երբ դու ասում ես «բայց», արդեն դեմ ես: ՌԴ-ի դեպքում էլ է «բայց»-ն ավելանում: Իսկ ՌԴ-ին ԼՂ հակամարտության կարգավորում անհրաժեշտ չէ, քանի որ նա կկորցնի Հայաստանի նկատմամբ իր ճնշման լծակները: Այդ դեպքում կնշանակի, որ Հայաստանն այլևս Ռուսաստանի երաշխավորած անվտանգության կարիքը չունի: Երբ ասում են, թե ՌԴ-ն ետ է կանգնել Հայաստանից, հիմարություն է: Այո, վաճառեցին զենք, և ի՞նչ: Հայաստանին ցույց տվեցին, թե Հայաստանն այսօր որքան կախյալ է ՌԴ-ից: Իր հերթին Հայաստանն է, որ բանակցային գործընթացն ուղղում է դեպի փակուղի»,- ասաց Ռաուֆ Միրկադիրովը:











































