Իտալիայում նոր օրենք է ընդունվել մի շարք միջոցառումների մասին՝ կանխելու համար ամեն տարի աղբը նետվող հսկայական քանակի սննդամթերքների վատնումը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Օրինագծի նպատակն է տարեկան 5 մլն տոննա սննդային թափոնի քանակը նվազեցնել մինչև 1 տոննա: Օրինագծին կողմ է քվեարկել 181 սենատոր, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 16:
Կառավարությունը համարում է, որ սննդամթերքի զուր կորուստը երկրի տնտեսությանն ու բնակիչներին տարեկան արժենում է ավելի քան 12 մլրդ եվրո: Որոշ տվյալներով՝ դա կարող է կազմել Իտալիայի ՀՆԱ-ի ավելի քան 1%-ը:
Նոր օրենքի ընդունումից առաջ արտադրողները և վաճառողները մեծ դժվարությունների են բախվել ոչ պիտանի սննդամթերքի ծավալները կրճատելու փորձերի ժամանակ: Օրինակ՝ նրանցից շատերը վախեցել են խախտել հիգիենայի չափանիշները և անվտանգությունը՝ բարեգործական կազմակերպություններին ժամկետանց մթերքներ նվիրելիս:
Նոր օրենքը հեշտացնում է այդպիսի նվիրատվության ընթացակարգը. այժմ ընկերությունները կկարողանան պարզապես ամիսը մեկ անգամ պարզ փաստաթուղթ լրացնել, որը կգրանցի սննդամթերքի իրենց նվիրատվությունները: Նրանց վրայից հանվում է ժամկետանց ապրանքների վաճառքի պատասխանատվությունը: Բացի այդ՝ որքան նրանք նվիրատվություն անեն, այնքան քիչ հարկեր կվճարեն:
Այսուհետ ֆերմերները կկարողանան բաժանել չվաճառված գյուղմթերքը՝ դրա համար ոչինչ չվճարելով:
Ուշագրավ է նաև «ընտանեկան պայուսակի» ՝ տարայի ներդրումը, որի մեջ ռեստորանում կդնեն այցելուների ուտելուց հետո մնացած սնունդը, որը նրանք կկարողանան տուն տանել:












































