«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:
-Պարոն Միքայելյան, եթե փորձենք հետահայաց գնահատական տալ, ի՞նչ ունեինք մինչև հուլիսի 17-ը և ի՞նչ ունենք հիմա: Ինչո՞ւ տեղի ունեցավ այս ընդվզումը, և արդյո՞ք այն հանգուցալուծումը, որ եղավ, դա կարող ենք համարել չարյաց փոքրագույնը:
-Մինչ այս դեպքերը մենք ունեինք այն, ինչ ունեցել ենք տարիների ընթացքում՝ մի բռնատիրական համակարգ է ձևավորված, որում մեր ազգը, մեր ժողովուրդն է, որ մաքառել է, առաջին անգամ հող է ազատագրել գրեթե 700 տարի առաջ, և հաղթանակած ժողովուրդը չպետք է այսպես ապրի:
Ինչու այս դեպքերը կատարվեցին. բնականաբար տարիների ընթացքում, դուք գիտեք, միշտ էլ պայքար է եղել, մարդիկ արդարացի իրենց պահանջներն են դրել այս երկրում, բայց այս իշխանություններն իրենց շահի, իրենց աթոռի համար անտեսել են, բռնել են, ծեծի ենթարկելու, սպանության միջոցով կանխել են այդ ամեն ինչը, և սա մի օր պետք է պոռթկար, և, ցավոք, պոռթկաց այսպես: Ես ոչ ոքի չեմ մեղադրում: Մարդիկ անճարությունից ելնելով գնացին նման քայլի, և եթե այս իշխանություններն այսօր էլ չհասկանան… բայց ես 100 տոկոսով համոզված եմ, որ չեն հասկանա, նրանք մի պարփակ համակարգ են ձևավորել, եթե մի քարը հանեն, այդ ամբողջը փուլ կգա:
Այսօր իշխանության ներսում այնպիսի մարդիկ են հավաքված, որ ոչ մի բանից տեղյակ չեն՝ էս երկրից, էս պետությունից, ընդամենը որոշ անհատներ իրենց շուրջը հավաքել են մարդիկ, որոնք կարող են նման բաներ անել՝ ճնշել ժողովրդին, նման քայլերի գնալ: Բնականաբար նման պոռթկումներ էլի կլինեն, եթե դաս չլինի սրանց համար: Մենք գնում ենք 18թ.՝ նույն ներքաղաքական վիճակը, նույն արտաքին սխալ քաղաքականությունը, և պրոբլեմները, որ կուտակվել են այս տարիների ընթացքում:
Եթե համեմատություն անենք՝ հոխորտում են, գոռում-գոչում են՝ մենք Բաքուն մի ժամվա մեջ կվերցնենք… հերիք է էլի: Մենք պիտի սթափվենք, մենք մեծ խնդիրների առաջ ենք կանգնած: Արտաքին մարտահրավերների առաջ ենք կանգնած՝ Արցախի հիմնահարցի հետ կապված:
-Պարոն Միքայելյան, ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ հուլիսի 17-ից հետո տեղի ունեցող զարգացումների հետ կապված՝ «Արցախի ազատամարտիկների միություն»– ը հանդես եկավ բավականին կոշտ հայտարարությամբ՝ դատապարտելով «Սասնա ծռեր»- ի քայլը՝ ասելով, որ մինչ այդ նրանց համարել են իրենց ընկերները, սակայն գտնում են, որ սխալվել են: Ինչպե՞ս եք գնահատում «Արցախի ազատամարտիկների միության» վերաբերմունքը, արդյո՞ք նրանք ավելի սթափ են, ավելի լավ են հասկանում, որ արտաքին մարտահրավերները շատ ավելի լուրջ են, որոնց առջև կանգնելով, թերևս, չէր կարելի նման քայլի դիմել:
-Այսինքն՝ եթե այդ տղաները նման քայլի չգնային, այս իշխանություններն ուրիշ բան կանեի՞ն: Ընդհակառակը, ես համոզված եմ, որ գոնե մի քիչ կզգաստանան այս դեպքերից հետո, որ պատերազմով անցած հերոսները էսօր գնդակահարում են իրենց հողի վրա, հայրենիքի սրտում՝ Երևանում:
Երկրի նախագահն իր արբանյակներն ունի, ի դեմս մեր մտավորականների և տարբեր ուժերի, թե՛ Մարտի 1-ի դեպքերի հետ կապված, թե՛ էլեկտրաէներգիայի սակագնի, տարբեր առիթներով արբանյակներին «խոդ են տալիս», թողնում են ժողովրդի մեջ, հայրենասիրական բաներ են անում:
Խնդրում եմ, պարոնա՛յք մտավորականներ, այսքան ժամանակ էս երկիրը քանդվում էր, ինչո՞ւ չէիք ելնում, ասում՝ այս երկիրը քանդվում է: Հենց նման դեպք է լինում, նոր ասում եք՝ վայ, չի կարելի, տեսեք՝ երկիրը կործանվում է, մենք Արցախի հարց ունենք… էս են սրանք…
-Այս իրավիճակում ի՞նչ պետք է արվի քաղաքական գործընթացները զարգացնելու և քաղաքական գործընթացի միջոցով իրավիճակը փոխելու համար: Դուք անդամակցում եք քաղաքական մի ուժի, որը այս օրերին փորձեց հանրային ընդվզման ռեսուրսը քաղաքական հունով տանել, բայց եղան որոշակի քննադատություններ, որ փորձ է արվում դա ծառայեցնել կուսակցական նպատակներին:
-Ես կուսակցության հիմնադիրներից մեկն եմ, և մենք ունենք մեր ռազմավարությունը, այսինքն՝ եթե քաղաքական ուժ ես, պիտի իմանաս՝ ինչ ես ուզում անել: Մենք այդ ճանապարհն ենք բռնել. ձևավորել նորմալ, ինստիտուցիոնալ ընդդիմություն և մարդկանց «արթնացնել քնից», որ մարդիկ կարողանան կանգնել, և ընտրություններում հաղթենք, այսինքն՝ մենք չհաղթենք, ժողովուրդը հաղթի…
Գիտեք՝ մենք ինչեր ենք արել, ինչ է եղել , Մարտի 1-ի դեպքերի հետ կապված՝ բանտերում ենք անցկացրել… ես հասկացել եմ, որ այս ժողովուրդը պահանջ ունի, և մենք, որ դուրս ենք եկել պայքարի՝ ի փառս մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի, այդ պահանջը մնում է նույն տեղում, այդ պահանջը չի կատարվել: Եվ ես երբեք հետ չեմ ընկնում կամ ինձ վատ չեմ զգում նորից պայքարելու համար, տեսաք՝ Հրազդանի ընտրություններում ինչ արեցին… Այս երկրում ոչ մի բան արժեք չունի, ուզում ես եղիր ազատամարտիկ, երկրի համար ինչ ուզում ես արա, արժեքներ գոյություն չունեն այս երկրում, արժեքները բզկտել, կերել են, չեն ուզում մարդկանց, ժողովրդի աչքին արժեք մնա: Ունեն մարդիկ՝ ճտեր, այդ կարգի մարդիկ, որ ինչ ասեն՝ անում են…
Ասում եք՝ «Սասնա ծռերն» ինչու այսպես արեցին, բա էլ ի՞նչ անեն… Մեղադրում են, ասում են ահաբեկիչ… Ի՞նչ ահաբեկիչ, ախր էդ տղերքին չեն ճանաչում՝ ով են, ինչ են: Ահաբեկիչներն իշխանություններն են, որ ահաբեկում են էսօր մեր ժողովրդին, և էսօր այդ տղերքը կարող են լինել հակաահաբեկիչ այս ահաբեկիչների դեմ:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:









































