Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային։
Իր շնորհավորական նամակում Ալիևը նշել է, որ այսօր ԱՄՆ-ն ու Ադրբեջանը կապված են սերտ ու բազմակողմ կապերով, որոնք հենված են բարեկամական հարաբերությունների վրա.
«Մեր երկրների միջև հաջողությամբ ու արդյունավետորեն շարունակվում է փոխշահավետ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հենքով։
Էներգետիկ անվտանգության ապահովման ոլորտում այդ կապերը, շարունակելով զարգանալ, հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի»։
Ալիևը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, և անձամբ ԱՄՆ նախագահը ջանքեր կգործադրեն Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար։








































