Ֆրանսիայում հրատարակվող Nouvelles d’arménie պարբերականն այսօր գրել է, որ երկու տարվա դատական վեճի արդյունքում ֆրանսիական դատարանը հուլիսի 2-ին Տեր Վաչե քահանա Հայրապետյանին դատապարտել է 2 տարվա պայմանական ազատազրկման:
Պարբերականը գրում է՝ «թեև որոշումը դեռ չի հրապարակվել, լավ տեղեկացված աղբյուրը հայտնել է, որ Տեր Վաչեն դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման` ծեծկռտուքի համար»: Ըստ այդմ` տեր Վաչեն պետք է երկու տարի կրի էլեկտրոնային ապարանջան, որով ոստիկանությունը կիմանա նրա գտնվելու վայրը, նաև` նրան այդ ընթացքում արգելված է լինել Ֆրանսիայի Նիցցա քաղաքում և Կոդ Դա Զուր մարզում՝ ընդհանրապես:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Նիցցա քաղաքի նախկին հոգևոր հովիվ, այժմ Ստրասբուրգի սպասավոր Տեր Վաչե քահանայի գործով նոր քննություն է գնում. Ֆրանսիայի դատախազը վերաքննիչ բողոք էր ներկայացրել առաջին ատյանի դատարանի վճռի դեմ: Ֆրանսիայի առաջին ատյանի դատարանն արդարացրել է հայ հոգևոր սպասավորին, ով մեղադրվում էր կեղծ դրամի շրջանառության, փողերի լվացման, կավատությամբ զբաղվող մաֆիային հանցակցության մեջ: Նիցցա քաղաքում հետաքննություն էր սկսվել 20 հայերի դեմ: Դատաքննության արդյունքում նրանցից ոմանք տարբեր չափի պատիժներ են ստացել, իսկ ոմանք արդարացվել են:
Տեր Վաչեն չպատասխանեց մեր հարցերին` խոստանալով ավելի ուշ խոսել: Ավելի վաղ մեզ հետ զրույցում Ստրասբուրգի հոգևոր հովիվ Տեր Վաչեն պնդել էր. «Ես վստահ եմ, որ Վերաքննիչ դատարանում էլ նույն արդյունքն է լինելու, ինչ որ առաջին ատյանի դատարանում, որովհետև առաջին ատյանի դատավորը շատ հայտնի է, շատ խիստ դատավոր է և շատ լավ դատ վարեց, ու արդարացման օրինական դատավճիռը ես ստացել եմ: Որոշումը պետք է քննվի Վերաքննիչ դատարանում: Ես համոզված եմ, որ ամեն ինչ լավ կվերջանա և այն արդյունքով, ինչ որ առաջին ատյանի դատարանում»:
Տեր Վաչեն ասել էր, որ բողոքարկման պատճառներից մեկն էլ այն է, որ կա նաև անձնական բողոք. «Ազգությամբ ինչ-որ արաբի հետ կապված, որին իբր ես ծեծել եմ, ինչը չհաստատվեց առաջին ատյանի դատարանում: Ինքն էլ է բողոքել նրա համար, որ եթե ինքը չբողոքեր, ես հակադարձ բողոք պիտի անեի արաբին՝ որպես շանտաժի, որ ինքն իմ անունը աղտոտեց»:
Ֆրանսիայի թեմի դիվանապետը հրաժարվեց որևէ մեկնաբանությունից թե՛ Նորվան սրբազանի հրաժարականի, թե՛ Տեր Վաչեին պայմանական ազատազրկման դատապարտելու առթիվ: Մայր աթոռի մամլո դիվանի պատասխանատու Տեր Վահրամը մեր հարցին՝ ճի՞շտ է, որ Ֆրանսիայի դատարանը 2 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել Տեր Վաչեին, պատասխանեց. «Դատական գործընթացը դեռ ընթանում է, և մինչև վերջնական որոշում չկայացվի, ես որևէ բան չեմ կարող ասել»: Մեր հստակեցմանը՝ Տեր Վաչեն բողոքարկե՞լ է դատավճիռը, Տեր Վահրամը պատասխանեց «Այո: Անկախ այդ որոշումից՝ դեռ դատական գործընթացը գնում է, և երբ վերջնական որոշում կայացվի, այն ժամանակ Մայր աթոռն իր դիրքորոշումը կասի»:
Մայր աթոռի մամլո դիվանի պատասխանատուից հետաքրքրվեցինք նաև, թե ո՞րն է Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան սրբազանի հրաժարականի պատճառը, և արդյոք ճի՞շտ է տեղեկությունը, որ կաթողիկոսի վերաբերմունքն է պատճառը: «Ես հաստատում եմ, որ Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Նորվան սրբազան Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ամենայն հայոց հայրապետին: Ներկայացված դիմումը քննության պիտի առնվի առաջիկա հոգևոր խորհրդի ժողովում, իսկ մինչ այդ ձեռնպահ կմնամ որևէ մանրամասն հրապարակելուց»,- հայտարարեց Տեր Վահրամը:
Հիշեցնենք, որ Մայր Աթոռը ոչ առաքելական հայտարարեց և հրաժարվեց Ֆրանսիայի Նիցցա քաղաքի սուրբ Աստվածածին եկեղեցուց, երբ տեղի սփյուռքահայերից բաղկացած հոգևոր խորհուրդը հրաժարվեց ընդունել Էջմիածնի նոր կանոնադրությունը, և եկեղեցում անգամ ծեծկռտուք եղավ: Հայ Առաքելական եկեղեցին դատարան բողոք էր ներկայացրել՝ ընդդեմ Ֆրանսիայի Նիցցա քաղաքի առաքելական եկեղեցին հիմնած ֆրանսահայերից կազմված խորհրդի: Դատարան էր դիմել Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան սրբազանը, ով, սակայն, ավելի ուշ հետ վերցրեց դիմումը:
Այժմ եկեղեցու խորհրդի անդամ սփյուռքահայերն են դատական հայց ներկայացրել թեմի դեմ: Եկեղեցին դատի էր տվել Նիցցայի եկեղեցին հիմնած ֆրանսահայերին` փորձելով այդկերպ պարտավորեցնել նրանց՝ ընդունելու եկեղեցիների գործունեության իր նոր կանոնադրությունը, համաձայն որի՝ սփյուռքում եկեղեցիների կազմակերպչական ու ֆինանսական ղեկավարումն աշխարհիկ խորհուրդներից, որոնք հիմնականում ընտրվում են համայնքի ներկայացուցիչներից, անցնում է հոգևորականների իշխանության տակ, այդ թվում՝ նաև եկեղեցու ունեցվածքն ու ֆինանսները:
Ավելի ուշ՝ տեսնելով, որ ֆրանսիական դատարանով հարցը հնարավոր չէ լուծել, Մայր Աթոռը հրաժարվեց Նիցցայի առաքելական եկեղեցուց: Այսպիսով՝ Նիցցայի սուրբ Աստվածամայր եկեղեցին շարունակելու է գործել նախկին կանոնադրությամբ:
Մայր Աթոռի և առաքելական եկեղեցու խորհրդի սփյուռքահայ ներկայացուցիչների կոնֆլիկտի պատճառով Նիցցայի հայ համայնքում պառակտում է առաջացել, և մեծ մասը գերադասում է չգնալ եկեղեցի: Համայնքի ներկայացուցիչներն ասում են, որ մի փոքր հատված գնում է Սուրբ Աստվածածին եկեղեցի, մյուս հատվածն էլ՝ կաթոլիկ եկեղեցի, ուր այժմ պատարագ է մատուցում Առաքելական եկեղեցին:
Էջմիածինն ուզում է նոր կանոնադրությունն ընդունել տալ սփյուռքի տարբեր եկեղեցիներում: Մեզ հասած տեղեկություններով՝ խնդիրներ են հասունանում նաև Լոնդոնի ու Մոնրեալի առաքելական եկեղեցիներում:







































