«Սերժ Սարգսյանի խոսքից կարելի է հետևություն անել, որ նա շնորհակալություն հայտնելով ուժային կառույցների ղեկավարներին՝ խրախուսեց նրանց։ Չկասկածեք, որ առաջիկայում էլ նրանց կտրվեն պարգևներ, մեդալներ, պատվոգրեր՝ նրանց ծառայության դիմաց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։
Վերջինիս խոսքով՝ ՀՀ այսօրվա նախագահը չի կարծում, որ օրենքից դուրս գործողություն է եղել։ Այս առումով ՀՀ քաղաքացին, խաղաղ ցուցարարը, լրագրողը, հասարակական-քաղաքական գործիչը պետք է միշտ իմանա, որ այսուհետ էլ է կանգնելու մահակով, հատուկ տեխնիկայով զինված ոստիկանի առաջ ու էլի ծեծ է ուտելու։
«Այն, որ լրագրողներին առաջարկվում էր մոռանալ կատարվածը, ծեծը, ապա լրագրողները գուցե դա մոռանան և կարող են մոռանալ, բայց ոստիկանները, հատուկ ծառայության աշխատակիցները չեն կարող դա մոռանալ։ Նրանք միշտ կհիշեն, որ իրենց դա կարելի է, ու կանեն»,- հավելեց իրավապաշտպանը։
Վարդան Հարությունյանը նկատեց, որ լրագրողներին մոռանալու կոչ անելը նշանակում է նաև, որ այդ գործերը երբեք էլ իրավական գնահատական չեն ստանա, և դեպքերը չեն բացահայտվի։ «Մինչդեռ երկրի նախագահը պետք է ասեր, որ այն, ինչ տեղի չի ունեցել օրենքի շրջանակներում, կպատժվի օրենքի ողջ խստությամբ»,- ասաց Հարությունյանը։
Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ վերջին իրադարձությունից բոլորը դասեր քաղեցին, հասարակությունը հետևություններ արեց, բայց Սերժ Սարգսյանի ելույթում որևէ խոսք չկար այն մասին, որ ինքը դասեր է քաղել։
«Սարգսյանը բացարձակ վերլուծություն չարեց, թե ինչն էր բերել-հանգեցրել այս վիճակին։ Նա չխոսեց, որ երկրում քաղաքական գործընթացները իշխանությունների ձեռամբ փակուղի են մտել, չխոսեց այն մասին, որ ընդդիմադիր հայացքների տեր գործիչները երկրում բացարձակ անելիք չունեն։ Չխոսեց այն մասին, որ երկրում քաղաքական գործընթացները մղվել են քրեական դաշտ։ Բայց հասարակությունը այս հարցերի պատասխանենրը վաղուց ստացել է։ Սերժ Սարգսյանի ելույթը ևս մեկ ավելորդ անգամ եկավ ապացուցելու, որ իշխանությունները պատրաստ չեն վերացնելու ծնող պատճառները»,- նկատեց Վարդան Հարությունյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:






































