Չնայած այն բանին, որ ժամանակակից ավտոմեքենաների մեծ մասը դեռ օգտագործում է ներքին այրման շարժիչներ, արդեն այսօր կա հնարավորություն ընտրելու էլեկտրականությամբ աշխատող մոդելներ՝ գրում է style.rbc.ru-ն:
Էլեկտրամոբիլների հիմնական առավելությունն այն է, որ դրանք տեսականորեն բացասաբար չեն ազդում բնության վրա՝ չկա օդն աղտոտելու վտանգ:
Էլեկտրամոբիլները ունեն մի շարք այլ առավելություներ ևս՝ էլեկտրաշարժիչները դինամիկ են, չունեն փոխանցման տուփ, ինչը տեսականորեն մեքենան դարձնում է հեշտ կառավարելի և պակաս թանկարժեք: Բացի այդ՝ մեքենան կարելի է լիցքավորել սովորական վարդակով:

Այսօր սեփական սերիական էլեկտրամոբիլներ ունեն շատ ընկերություններ: Օրինակ՝ Renault-ը վաճառում է Twizy գաճաճ-ավտոմեքենան՝ նախատեսված 1 անձի համար: Մեքենան արժե մոտ 7 հազար եվրո:
Մեկ լիցքավորմամբ մեքենան կարող է ընթանալ մինչև 80 կմ:

Mitsubishi i-MiEV-ը ևս մեկ սերիական քաղաքային էլեկտրամոբիլ է՝ կառուցված բենզինային Mitsubishi-ի հիմքի վրա: Մեքենան կարող է զարգացնել մինչև 130 կմ/ժ արագություն:

Nissan Leaf-ը լիարժեք ընտանեկան էլեկտրամեքենա է: Զարգացնում է մինչև 140կմ/ժ արագություն: Այն արժե մոտ 35 հազար դոլար:

Tesla Model S սպորտային սեդանը 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 4.2 վայրկանի ընթացքում: Մեքենան 1 լիցքավորմամբ կարող է անցնել մոտ 425 կմ: Այն արժե 88 հազար դոլար:
Էլեկտրամոբիլների զանգվածային արտադրությունը տեղի չի ունենում դեռևս մի շարք տեխնիկական խնդիրների պատճառով: Առաջին հերթին լիթիումա-իոնային մարտկոցները դեռ ի վիճակի չեն ապահովել 600-1000 կմ ընթացք, բացի այդ՝ չափազանց թանկ են:
Մյուս խոչընդոտը ենթակառուցվածքների ոչ զարգացած լինելն է:






































