Պաշտոնական Իրանը առաջին անգամ արձագանքել է Եգիպտոսի իրադարձություններին. ԱԳՆ ներկայացուցիչը ժողովրդավարական ճանապարհով ընտրված Մուհամմադ Մուրսիի տապալումը զինվորականների կողմից համարել է «սխալ քայլ»: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Մենք զինվորականների՝ քաղաքականությանը ու ղեկավարության աշխատանքին միջամտելը չենք համարում ճիշտ քայլ: Մուրսին իշխանության էր եկել ընտրությունների ճանապարհով»,- Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Աբաս Արաքչիի խոսքերը մեջբերում են իրանական զանգվածային լրատվամիջոցները:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը խոստովանել է, որ Եգիպտոսում տիրող իրավիճակը չի կարելի գնահատել միանշանակ, և այն ավելի է բարդացել:
Նա ասել է, որ մի կողմից՝ իսլամիստ նախագահ Մուրսին ընտրվել էր ժողովրդավարական ճանապարհով, մյուս կողմից՝ ինքն ու իր համախոհները իրենց դրսևորեցին որպես անարդյունավետ կառավարողներ:







































