ՀՀ զինվորական դատախազության՝ աշխատանքային խումբ ստեղծելու նախաձեռնությունը, որի գործառույթն է լինելու ուսումնասիրել ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը, որոնցով ամփոփիչ որոշումները կայացվել են 2011 թ. հունվարի 1-ից հետո, առաջացրել է մի շարք ՀԿ-ների, խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերի զայրույթը, քանի որ, ըստ նրանց, սա ենթադրում է, որ զինդատախազ Գևորգ Կոստանյանի որոշումը նպատակաուղղված է միայն իր պաշտոնավարման ժամանակաշրջանում մահացած զինվորների գործերի բացահայտմանը:
Աշխատանքային խմբի գործունեությունն իրականացնելու համար զինդատախազությունը հրավիրում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ փաստաբանների պալատի մեկական ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի հիմնախնդիրներով զբաղվող, ՀՀ տարածքում առնվազն երեք տարվա գործունեություն իրականացնող իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:
Բոլորի համար անսպասելի այսօր կառավարության շենքի առաջ՝ բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողերին է միացել «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը՝ Մառոզը, ում, պարզվում է, զայրացրել է զինդատախազ Գևորգ Կոստանյանի՝ խորհուրդ ստեղծելու որոշումը: Նա ներողություն է խնդրել այն զինծառայողների մայրերից, ում խոստացել էր, որ իրենց զավակների մահվան դեպքերը կբացահայտվեն, սակայն այդպես էլ չեն բացահայտվել։ «Ես հայտարարում եմ՝ ոչ մի զինվորի մահվան դեպք չի բացահայտվելու, ամբողջը կոծկում են, եկել եմ միանամ ձեզ»,- ասել է նա:
«Զինվորի պաշտպանության կոմիտե» ՀԿ-ի նախագահ Գոհար Արմենակյանի կարծիքով, եթե Մարգարիտա Խաչատրյանն իսկապես մտահոգ էր այդ գործերի բացահայտմամբ, պետք է ամեն օր լիներ կառավարության շենքի մոտ, կամ գոնե լրատվամիջոցներով պետք է մեկ անգամ իր մտահոգությունն արտահայտած լիներ, ինչպես իրենք են վարվել: «Եթե այսօր Մարգարիտա Խաչատրյանը գտնվել է այնտեղ, ուրեմն այլ մտահոգություն ունի, չակերտները չեմ բացում»,- ասաց տիկին Արմենակյանը:
Նա նշեց, որ մահացած զինվորների մայրերը հանդիպել են վարչապետի հետ և կետ առ կետ ներկայացրել բանակի, ինչպես նաև ազատամարտիկների մասին օրենքի հետ կապված իրենց մտահոգությունները, պահանջել են, որ դրանք քննվեն, հետո նոր ընդունվեն օրենքներ:
«Բոլորս մեր մաշկի վրա զգում ենք թանկացումներ, դժվար վիճակ է, վարչապետը հատկացրել է ժամանակ՝ բոլոր հարցերը քննելու, այսօր սպասում ենք նրա գրավոր պատասխանին»,- ասաց նա: Տիկին Արմենակյանը նաև նշեց, որ միգուցե Մարգարիտա Խաչատրյանը մտահոգվե՞լ է, որ ինքը սկզբում այդ հարցերը չի բարձրացրել:
Դատախազության կողմից խորհրդի ստեղծման գաղափարի մասին Գոհար Արմենակյանը հեռուստատեսությամբ է լսել, սակայն, ըստ նրա, խնդիրը 2011 թվականից հետո չի ծագել, այլ պատերազմական գործողություներից հետո խաղաղ պայմաններում մահացած բոլոր զինվորների մասին է խոսքը, և դեռևս մեկ գործ չկա, որ իսկապես բացահայտված լինի։
Անդրադառնալով Մարգարիտա Խաչատրյանի այսօրվա քայլին՝ տիկին Արմենակյանը նշեց, որ Մատաղիսի գործում Մարգարիտա Խաչատրյանի մատը խառն է:«Այն ժամանակ երեք տղաները մեզ կանչեցին դատարան, որ իրենց մեր օգնությունն է պետք, որ ճնշումներ կան Մարգարիտա Խաչատրյանի կողմից, որը պնդել է, որ հանձն առեն, որ իրենք են մեղավորները, և, ըստ զինվորների տված տեղեկությունների, Մարգարիտա Խաչատրյանը ներկա է գտնվել անգամ իրենց հարցաքննություններին։ Երբ Վերաքննիչում հայտնվեցինք, տիկին Մարգարիտան իր շքախմբով անհետացավ դատարանից»,- պատմեց տիկին Արմենակյանը:
Նա զարմացավ՝ մի՞թե ՊՆ-ի համակարգող խորհրդի նախագահի այս ակցիայից ՊՆ-ն տեղյակ է:
Իսկ այն, որ Մարգարիտա Խաչատյանն այսօր ասել է, թե իր որդու դեպքն էլ չի բացահայտվել, Գոհար Արմենակյանը հակադարձեց, որ բոլոր լրատվամիջոցներն ունեն և՛ ձայնագրություններ, և՛ գրառումներ, թե ինչպես է Մարգարիտա Խաչատրյանը միշտ ասել, որ իր որդին հերոս է և այլն, իսկ եթե կարծում էր, որ իր տղայի գործը չի բացահայտվել, թող գար, կանգներ կառավարության մոտ:
Ինչ վերաբերում է զինդատախազի գործունեությանը, ապա, Գոհար Արմենակյանի խոսքերով, իրենք ներկայացրել են վարչապետին, որ առ այսօր ոչ մի դրական տեղաշարժ չկա՝ ինչպես Ջհանգիրյանն էր սառեցված թողնում գործերը, իրենից հետո էլ ավելի կատարելագործված, համարյա առանց քննելու գործեր են մնում:
«Այսինքն՝ քննությունը մեր դատարաններում այսօր հօգուտ սրիկաների է կատարվում»,- ասաց նա՝ հավելելով, որ Գևորգ Կոստանյանը խորհուրդ ստեղծելու իր քայլով ուզում է պատասխանատվություն կրի իր ժամանակաշրջանի և ոչ թե իրեն նախորդող ժամանակաշրջանի համար, մինչդեռ գործերը վաղեմություն չեն ճանաչում։
«Հայտարարում եմ, որ այն բոլոր գործերը, որոնց իրավական գնահատականը ծնողի համար դեռևս մնացել են անբավարար, բոլորը ենթակա են քննության»,- հավելեց Գոհար Արմենակյանը:








































