Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերը հայտարարել է, որ ռազմական հեղաշրջման ձախողումից հետո Թուրքիայում սկսված մաքրումները խոչընդոտում են ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի հետ համագործակցությանը:
Նրա խոսքով՝ Թուրքիայում տեղի ունեցած դեպքերն անկասկած ազդել են ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վրա: «Թուրքիայում մեր զրուցակիցներից շատերը կալանավորվել կամ պաշտոնանկ են արվել: Այդ ամենը բարդացնում է թուրքերի հետ համագործակցությունը»,- ասել է նա:
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոտելը հաստատել է, որ վանդակաճաղերից այն կողմ են հայտնվել շատ զինվորականներ, որոնց հետ աշխատել է ամերիկյան կողմը:
Նրա խոսքով՝ Ինջիրլիքի ավիաբազայում վերսկսվել են սովորական գործողությունները, ինչն ազդում է ահաբեկչության դեմ պայքարում հետագա գործողությունների վրա:
Վոտելը հավելել է, որ երկու երկրների հարաբերություններում կան նաև այլ նրբություններ, որոնք ազդում են ահաբեկչության դեմ գործողությունների վրա, սակայն չի մանրամասնել, թե որոնք են դրանք:









































