Նախկին նավաստին դարձել է Մեծ Բրիտանիայում առաջին մարդը, ում ձեռք են փոխպատվաստել: Ըստ փորձագետների՝ դա բժշկության ասպարեզում մեծ քայլ էր:
Մարկ Քեխիլը երկու տասնամյակ ցավերով էր ապրել, իսկ ապագայում նրան սպասվում էր այնպիսի կյանք, որի ընթացքում նույնիսկ ամենապարզ շարժումներն անհնարին պիտի դառնային:
Բայց վեց ամիս առաջ նախկին նավաստու կյանքում հույս է հայտնվել՝ պատվաստված ձեռքը սկսել է շարժվել: Հիմա նա իրեն այնքան վստահ է զգում, որ կարող է բութ մատը վերև բարձրացնել՝ ի նշան այն բանի, որ ամեն ինչ լավ է: Մարկը կարող է ինքն իր համար ոչ միայն թեյ պատրաստել, այլև իր սիրելի թոռների ձեռքից բռնած զբոսնել:
Ութ ժամ տևած վիրահատության ընթացքում բժիշկները հիվանդի ոսկորները, հոդերը, նյարդերը, երակները կարել են պատվաստվող մասի հետ: Թեև սկզբնական փուլում արդյունքը հույս չէր ներշնչում, հիմա վստահաբար կարելի է ասել, որ ամեն ինչ բարեհաջող է անցել։












































