Հունաստանի պետական խորհուրդը՝ գերագույն վարչական դատարանը, սահմանադրական և օրինական է համարել ցույցերի և հանրահավաքների կարգավորման մասին նախագահի հրամանագիրը՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Հրամանագրի նախագիծը նախապատրաստել էր հասարակական կարգի և իրավունքների պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը: Այն խիստ քննադատության էր արժանացել արհմիությունների և ընդդիմության կողմից:
Ըստ նոր հրամանագրի՝ սահմանափակումներ են մտցվում ոչ պակաս, քան 200 մարդու մասնակցությամբ ցույցերի անցկացման վրա: Ոչ մեծ հանրահավաքները պետք է անցկացվեն այնպես, որպեսզի չխոչընդոտեն քաղաքի տրանսպորտի գործունեությանը և հասարակական կյանքին:
Պետական խորհրդի անդամները հստակեցրել են, որ վիճելի հրամանագիրը «չի կարգավորում կամ սահմանափակում հանրահավաքների ազատության իրավունքը», այլ հստակեցնում է ոստիկանության լիազորությունները, որպեսզի ոչ մեծ հանրահավաքները չխախտեն քաղաքային կյանքը:
Հրամանագիրն արգելում է «ոչ մեծ հանրահավաքները» քաղաքներում, որոնք ունեն ավելի քան 100 հազար բնակչություն: Միևնույն ժամանակ սահմանափակումները չեն տարածվում երթերի և հանրահավաքների վրա, որոնք կազմակերպվում են կուսակցությունների, խորհրդարանի ներկայացուցիչների և արհմիությունների կողմից, ինչպես նաև պատմական իրադարձություններին կամ տարելիցներին նվիրված հանրահավաքների վրա:












































