Հինգշաբթի Եգիպտոսը Գազայի հատվածում պաղեստինցիների համար վերականգնել է համատեղ սահմանն անցնելու սահմանափակումը, որը չեղյալ էր հայտարարվել Մուհամմադ Մուրսիի օրոք: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Պաղեստինի ՆԳՆ հաղորդագրությունը:
Ներքաղաքական ճգնաժամի ֆոնին, որը սրվել է Մուրսիին իշխանությունից հեռացնելուց հետո, եգիպտացի զինվորականները մեծացնում են իրենց ներկայությունը Պաղեստինի հետ սահմանին, որտեղ իշխում է ՀԱՄԱՍ իսլամիստական շարժումը, որը գաղափարապես մոտ է Մուրսիին:
Պաղեստինի ՆԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ռաֆահ» սահմանային անցակետը, որը Գազայի բնակիչներից շատերի համար արտաքին աշխարհ տանող միակ դարպասն է, բաց է միայն ուսանողների և հիվանդների համար, ինչպես նաև՝ արտասահմանցի քաղաքացիների, որոնք ունեն այլ երկրների այցագիր:
Միևնույն ժամանակ եգիպտացի զինվորականներն ուժեղացրել են սահմանային գոտու վերահսկողությունը, որտեղ գտնվում են հարյուրավոր թունելներ, որոնք օգտագործվում են բեռների, այդ թվում զենքի, անվերահսկելի տեղափոխման համար:












































