ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասյօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե բոլոր հիմքերը կան Սերժ Սարգսյանի իմպիչմենթի հարցը բարձրացնելու համար: Նրա խոսքերով՝ ՀԱԿ-ը կսպասի հարմար քաղաքական պահի այդ գործընթացը սկսելու համար:
«Առաջին լրատվական»-ը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի է՝ քաղաքական այս իրավիճակում այն արդյունավետ գործընթաց կարո՞ղ է լինել, և հարցը բարձրացնելու դեպքում «Ժառանգությունը» կմիանա՞ արդյոք, ինչին ի պատասխան նա ասաց․ «Իմպիչմենթի մասին խոսք լինել չի կարող՝ նկատի ունեմ հիմնավորվածության մասով, որովհետև, ըստ էության, Սերժ Սարգսյանը կեղծված ընտրություններով է նախագահ դարձել, և դրանով ամեն ինչ ասված է»:
Ա․ Մարտիրոսյանի խոսքերով՝ շատ ավելի ճիշտ կլիներ, որ գործը ոչ թե իմպիչմենթի հասներ, այլ ժամանակին ընդդիմությունը միավորվեր և կարողանար իրավիճակ փոխել երկրում․ «Ես դա իրական չեմ համարում, որովհետև Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն ունի խորհրդարանում։ Խոսել արդյունավետ գործընթացի մասին՝ կարծում եմ՝ ուղղակի տեղին չէ։ Ցանկության մասին կարող ենք խոսել, բայց որպես իրական գործընթաց՝ իրականությունից բավականին հեռու է»:
Միևնույն ժամանակ, մեր զրուցակիցը նշեց․ «Այն որ խնդիրներ կան կառավարման համակարգում, դա բոլորիս համար ակնհայտ է»:
«Առաջին լրատվական»-ը նույն հարցի կապակցությամբ մեկնաբանություն խնդրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանից, ով մեզ հորդորեց զրուցել խմբակցության ղեկավար Ռուբեկ Հակոբյանի հետ, ապա ավելացրեց. «Հայաստանում եթե տեղի ունենան արտահերթ ընտրություններ, մենք մասնակից կլինենք այդ գործընթացին»: Իսկ հարցին, թե ինչպես է վերաբերվում նախագահին իմպիչմենթ հայտնելու՝ Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, նա պատասխանեց․«Մենք միշտ էլ ասել ենք, որ այսօրվա իշխանությունները պետք է հեռանան»:











































