Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ընթանում է Քրիստինե Գալստյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ Հրազդան քաղաքի 27-ամյա բնակչուհի Քրիստինե Գալստյանը նախկինում կուտակած պարտքերը ընկերուհուց՝ նույնպես Հրազդան քաղաքի բնակչուհուց ստանալու նպատակով դիմել է հանցավոր քայլի՝ 2013 թվականի մայիսի 2-ին, ժամը 11-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 104 շենքի մոտից բացահայտ առևանգել է ընկերուհու անչափահաս՝ 2004 թվականի ապրիլի 16-ին ծնված դստերը:
Գալստյանն իր առևանգած երեխային տարել ու պահել է նույն՝ Միկրոշրջան թաղամասում գտնվող իր բնակարանում: Այնտեղ էլ երեխան հայտնաբերվել է ոստիկանների կողմից:
Քրիստինե Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:









































