ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ Հայաստանում ճգնաժամը կարող է այնքան խորանալ, որ Հանրապետական կուսակցությունում մի քանի ուժեր չդիմանան խորտակվող նավին և դուրս գան:
Նա այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ նաև Հայաստանում քաղաքական հետապնդումների և քաղաքական բանտարկյալ Տիգրան Առաքելյանի խնդրին՝ նշելով, որ նրա և մյուս երեք տղաների հարցը բարձրացվել է ԵԽԽՎ-ում:
«Մեր կողմից ինչքան շատ խոսվի, ինչքան շատ միջազգային ճնշումներ լինեն, այնքան կմեծանա նրանց ազատվելու հնարավորությունը: Մինչ Հայաստանի նախագահությունը՝ ես հարցում էի ուղարկել ԵԽԽՎ՝ Տիգրան Առաքելյանի և մյուս երեք տղաների վերաբերյալ:
Ես հենվել էի ընդունված և 5 կետից կազմված բանաձևի վրա, որը սահմանում է քաղբանտարկյալների իրողությունը, և հարցրել էի՝ ինչո՞ւ քայլեր չեք ձեռնարկում: Իրենք պատասխանել են, որ դատական գործերը արդեն վերանայվում են:
Ըստ էության ճանաչել են այն իրողությունը, որ Տիգրան Առաքելյանը քաղբանտարկյալ է. նրանք ասում են՝ մենք դեռևս չենք մեկնաբանի՝ մինչև այդ գործընթացի չավարտվի, բայց կոնկրետ մեխանիզմը ծառայում է նրան, որ Տիգրան Առաքելյանը հնարավորինս շուտ դուրս գա բանտից»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Հարցին՝ ի՞նչ կարծիք ունի Կոնգրեսը նոյեմբերին Վիլնյուսում ստորագրվելիք Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ, ՀԱԿ փոխնախագահը պատասխանեց. «Այդ հարցը մենք քննարկել ենք Եվրամիության ներկայացուչի՝ Տրայան Հրիսթեայի հետ: Պետք է ասեմ, որ մեր կանոնադրության մեջ որպես կարևորագույն կետ նշված է եվրաինտեգրացիայի կարևորությունը:
Նշեմ, որ կոնկրետ Ասոցացման պայմանագրի հարցը Կոնգրեսի ներսում չի քննարկվել, բայց ընդհանուր մոտեցումները հետևյալն են՝ եվրաինտեգրացիայի կողմնակից ենք, ինչպես նաև ցանկացած տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների, բայց Եվրոպական միությունը՝ լինելով դեմոկրատական ազգերի դաշինք, աչք է փակել ժողովրդավարության և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների վրա, ոչ ադեկվատ, պոզիտիվ գնահատական է տվել կեղծված ընտրություններին:
Մենք կողմ ենք մերձեցմանը, շուկայական տնտեսության, ժողովրդավարական արժեքների ինստիտուցիոնալ մոտեցումներին, բայց դա պետք է զուգակցվի որոշ հարցերի շուրջ ավելի կոշտ դիրքորոշմամբ»։
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































