WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հիմնադրած կուսակցությունը դրամահավաք է սկսել Ավստրալիայում նախընտրական արշավի համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով կազմակերպության կայքին:
Խորհրդարանական ընտրությունները երկրում կանցկացվեն 2013-ի սեպտեմբերին:
Այս շաբաթ ավելի վաղ ընտրական հանձնաժողովը գրանցել էր WikiLeaks-ը ընտրությունների թեկնածուների թվում: Ընտրական հանձնաժողովի տնօրեն Գրեգ Բարնսի խոսքով՝ կուսակցությունը խորհրդարանի վերին պալատում՝ Սենատում, իր թեկնածուներին կներկայացնի Նոր Հարավային Ուելս, Վիկտորիա և Արևմտյան Ավստրալիա նահանգներից: Նրանց անունները կհայտարարվեն առաջիկա 10-12 օրը: Ինչպես ավելի վաղ հայտարարվել է՝ Ասանժն առաջադրվել է Վիկտորիա նահանգից:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ՝ կուսակցությունն ընդունում է անանուն նվիրատվություններ12.4 հազար ավստրալական դոլարից ոչ ավելի: Այդ գումարից ավելի նվիրատվությունների մասին տեղեկությունը պետք է գաղտնազերծվի՝ համապատասխան ավստրալական օրենսդրությամբ:
Ավստրալիայի Սենատի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին Ասանժը հայտարարել է 2013-ի ապրիլին:











































