Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մահվան հանգամանքներն ուսումնասիրելու համար Հայաստանի զինվորական դատախազությունը պատրաստվում է աշխատանքային խումբ ստեղծել:
Նշենք, որ ամեն հինգշաբթի կառավարության շենքի դիմաց հավաքվում են բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը, ովքեր մինչ այսօր չեն կարողացել պարզել իրենց զավակների մահվան իրական հանգամանքները:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Զարուհի Հովհաննիսյանը, անդրադառնալով խմբի ստեղծմանը, կարծիք հայտնեց, որ այն արդյունավետություն ունենալ չի կարող, քանի որ ի սկզբանե կոնցեպցիան սխալ է՝ տվյալ մարմինը չի կարող ուսումնասիրել և վերահսկել սեփական գործառույթները. «Ես համաձայն եմ Ծովինար Նազարյանի և Արթուր Սաքունցի հնչեցրած կարծիքների հետ և ավելացնեմ, որ իսկապես անհասկանալի է, թե ինչու է խումբն ուսումնասիրելու այն զինծառայողների մահվան դեպքերը, որոնք մահացել են զինդատախազ Գևորգ Կոստանյանի պաշտոնավարման տարիների ընթացքում (սկսած նրա պաշտոնավարման օրվանից):
Լավ է, որ Արթուր Սաքունցի հասարակական կազմակերպույթունը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան, որը հիմնականում զբաղվում է իրավապաշտպանական գործունեությամբ, պատրաստվում է մասնակցել և միջամտել բոլոր գործերին, բայց միևնույն է՝ անհասկանալի է, թե ինչու հենց զինդատախազի պաշտոնավարման տարիների գործերը, ինչո՞ւ ավելի վաղ գործերը չեն դիտարկվում ընդհանրապես։ Եվ չգիտեմ, թե որքանով արդյունավետ կլինի այն մարմնի կողմից ստեղծված մարմինը, որը անմիջականորեն կա այս գործերում»:
Միևնույն ժամանակ, Զարուհի Հովհաննիսյանը հավելեց, որ հասարակական սեկտորի մասնակցությունը հնարավորություն կտա, որպեսզի որոշակի պարզություն մտցվի այս գործում:
Մեր այն հարցին, թե ինչ պետք է արվի, որպեսզի վստահություն լինի խմբի նկատմամբ, չէ՞ որ, օրինակ, Գեղամ Հարությունյանի ղեկավարությամբ՝ ՊՆ-ին կից կազմակերպության նկատմամբ իրենք այնքան էլ մեծ վստահություն չունեն, մեր զրուցակիցը պատասխանեց․« Ըստ իս՝ ի սկզբանե սխալ է ընտրված հենց նույն մարմնի կողմից սեփական գործունեության վերահսկողության կոնցեպցիան։ Ի սկզբանե սխալ է. պետք է մեկ այլ մարմին, որ կվերահսկի գործունեությունը, այսինքն կոնցեպցիան է սխալ։ Բայց եթե կա հնարավորություն՝ մասնակցելու, առաջարկելու հնարավորություն մեկ այլ կազմակերպության կողմից, որն ունի դիտարկումներ այս կամ այն հարցի շուրջ, դա դրական է»:
Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանը մահացել է 2007 թվականին Վարդենիսի զորամասերից մեկում՝ պաշտոնական վարկածով էլեկտրահարումից, Վալերի Մուրադյանը մահացել է 2010 թվականին՝ պաշտոնական վարկածով ինքնասպանություն է գործել։ Նրանց ծնողները և ընդհանրապես բանակում խաղաղ պայմաններում զոհված շատ զինվորների ծնողներ բազմաթիվ բողոքի ակցիաներ են անցկացնում և՛ կառավարության շենքի,և՛ նախագահականի դիմաց, սակայն նրանց որդիների մահվան պատճառները մինչ այսօր չեն բացահայտվել։ Դե իսկ Գևորգ Կոստանյանը զինդատախազ է նշանակվել 2011 թվականին:
Ի դեպ, զինվորներից շատերը մահացել են Գևորգ Կոստանյանի պաշտոնավարումից առաջ: Զ․ Հովհաննիսյանի կարծիքով՝ նման խումբ ստեղծելը այժմ կարող է ունենալ բոլորովին այլ նպատակ. «Գևորգ Կոստանյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է, հնարավոր է՝ ուղղակի նրան այսպիսով ավելի բարձր պաշտոն առաջարկվի»:












































