Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսիի դաշնակիցը՝ «Ալ-Ջամաա Ալ-Իսլամիյա» իսլամիստական ծայրահեղական կազմակերպությունը, կոչ է արել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել՝ արյունահեղությունից և զինվորական հեղաշրջումից խուսափելու համար: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նման պահանջով հանդես է եկել կազմակերպության ներկայացուցիչ Թարիք Ալ-Զումարը:
«Այդ խաղաղ սահմանադրական անցումային շրջանը երկիրը կազատի արյունահեղությունից»,- ասել է նա:
«Ալ-Ջամաա Ալ-Իսլամիյա»-ի ներկայացուցչի խոսքերով՝ դա նաև թույլ կտա պաշտպանել Սահմանադրությունը, որն ընտրվել է անցած տարվա դեկտեմբերին:
Հայտարարությունը հրապարակվել է Եգիպտոսի զինված ուժերի վերջնագրի ժամկետի սպառվելուց մի քանի ժամ առաջ: Զինվորականները սպառնում են իշխանությունը վերցնել իրենց ձեռքը, եթե քաղաքական գործիչները չկարողանան գտնել ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղի:









































