Կասյան-Կիևյան փողոցների խաչմերուկում տեղակայված «Հայփոստ»-ի բաժանմունքի առաջ հերթ էր և իրարանցում:
Արդեն հուլիսի 3-ն է, բայց քաղաքացիներից շատերը դեռևս չեն ստացել իրենց հասանելիք ամսական թոշակները:
Նրանք արդեն երկրորդ օրն է՝ գալիս են գումարը ստանալու, սակայն մի օր չեն տալիս՝ պատճառաբանելով, թե ցուցակները չկան, հաջորդ օրն էլ, թե՝ գումարը դեռ չեն ստացել:
Ամառվա այս շոգ օրը տարբեր հիվանդություններ ունեցող մեծահասակ մի խումբ մարդիկ ստիպված են վաղ առավոտից հերթ կանգնել արևի տակ. ոմանք պայմաններին չեն դիմացել և հեռացել են՝ մեկ ուրիշ օր ստանալու նպատակով, ոմանք էլ արդեն լարվածությունից իրար են կոպտում:
Դե, իսկ մուտքի մոտ ոստիկանը սկզբում թույլ չէր տալիս նրանց ներս մտնել, ապա թույլ տվեց, ինչից հետո ներսում խառնաշփոթ սկսվեց, և մարդկանց սկսեցին հերթով գումար տալ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում թոշակառուներից մեկը՝ Հովհաննես Բաբեյանը, նշեց, որ արդեն երկրորդ օրն է՝ գալիս է գումարը ստանալու: Նա ստանում է ընդամենը 24.000 դրամ, որից 18.000-ը պարտք է խանութին. «Այս երկու ամիսն է, որ այսպես է՝ մինչ այս նորմալ աշխատել են: Ես այն եմ հասկանում, որ երկու օրը հերիք է՝ այս միլիարդները դնեն շրջանառության մեջ, որ իրենց նոր փողեր բերեն»:
Ի դեպ, մեզ փոքր-ինչ ուշ մոտեցան «Հայփոստ»-ի աշխատակիցները՝ ասելով, որ ներսում նկարահանումներ անելու իրավունք չունենք. «Վերևից հրաման է եկել՝ նկարահանում տարածքում թույլ չտալ», իսկ մեր հարցերին հրաժարվեցին պատասխանել:
Մանրամասները կարող եք դիտել մեր տեսանյութում:






































