Եգիպտոսի պետական Al-Ahram թերթին հայտնի են դարձել եգիպտական բանակի «ճանապարհային քարտեզի» մանրամասները:
Պարբերականի տվյալներով՝ ենթադրվում է, որ Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին կա՛մ ինքնակամ կհեռանա, կա՛մ նրան կփոխարինեն զինվորականները:
Դրանից հետո կստեղծվի 3 մարդուց կազմված նախագահական խորհուրդը, որը կգլխավորի Եգիպտոսի Սահմանադրական դատարանի ղեկավարը:
Բացի այդ, կձևավորվի անցումային կառավարություն, որը կգլխավորի բարձրաստիճան զինվորականներից մեկը: Հաղորդվում է, որ անցումային շրջանը կտևի 9-12 ամիս: Այդ ընթացքում կկազմվի նոր սահմանադրություն, որի համապատասխան էլ կանցկացվեն խորհրդարանական և նախագահական ընտրություններ:
Միևնույն ժամանակ եգիպտական բանակում Reuters-ի աղբյուրը հերքում է այդ տեղեկությունը: Աղբյուրը նույնիսկ հայտնել է, որ «ճանապարհային քարտեզի» նախագծի քննարկման համար անհրաժեշտ է հրավիրել առաջադեմ եգիպտացի տնտեսագետների ու սոցիալ-քաղաքական գործիչների:









































