Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բավականին կոշտ քննադատություններ էր հնչեցրել ներկայիս քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի հասցեին: Մասնավորապես պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Սամվել Բալասանյանն ասում է, որ իր քաղաքապետ եղած ժամանակ բավական աշխատանքներ են կատարվել ենթակառուցվածքների արդիականացման և այլ ուղղություններով, Գյումրիում իրականացվել է ասֆալտապատում, Վարդան Ղուկասյանը պատասխանել էր այսպես. «Իր ժամանակ միայն ստուգումներ են կատարվել, մեկ էլ մարդկանց բռնել, դատի տալ: Բացի բռնել տալուց՝ ոչ մի բան չի արել:
Ինչ վերաբերում է ասֆալտապատման աշխատանքներին, փառք երկրի նախագահին, որ ասֆալտապատում է նախաձեռնել Գյումրի քաղաքում. ինքը այդտեղ ընդհանրապես կապ չունի: Փառք երկրի նախագահին, որ նման ասֆալտապատում է արել Գյումրի քաղաքում»:
«Ճիշտն ասած, տեղեկություն չունեմ, բայց եթե որևէ հրապարակում կա, ուշադրություն մի դարձրեք, լուրջ մի ընդունեք, պետք չէ լուրջ ընդունել»,-ԳԱԼԱ–ի հետ զրույցում ասել է Սամվել Բալասանյանը: Դիտարկմանը, թե՝ Ձեր հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչել, և որ քաղաքում կատարված ասֆալտապատումը Վարդան Ղուկասյանը վերագրում է Սերժ Սարգսյանին, չե՞ք պատրաստվում ուշադրություն դարձնել, Սամվել Բալասանյանը ասել է. «Ուշադրություն չպետք է դարձնել և լուրջ չպետք է ընդունել: Ես ուրիշ պատասխան չունեմ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք՝ ԳԱԼԱ-ում:









































