Վենեսուելայի մոտ 500 բնակչուհիներ սահմանով ներխուժել են Կոլումբիա՝ տեղի խանութներից օգտվելու համար։ Այս մասին հայտնում է La Opinion-ը։
Կանայք ճեղքել են սահմանը պաշտպանող Ազգային գվարդիայի զինվորների շղթան։ Նրանք տեղի խանութներից գնել են զուգարանի թուղթ, ալյուր, բուսայուղ և այլ ապրանքներ, որոնք դժվար է իրենց երկրում գտնել։
«Մենք որոշել ենք հատել սահմանը, քանի որ մեր տանը սնունդ չկա, մեր երեխաները քաղցում են»,- հայտարարել է կանանցից մեկը։
Հունիսի սկզբին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում նախագահական պալատի մոտ էին դուրս եկել հարյուրավոր ցուցարարներ, ովքեր սնունդ էին պահանջում։ Մասնակիցների դեմ արցունքաբեր գազ էր կիրառվել։
Վենեսուելայում տնտեսական ճգնաժամ է, որն ուղեկցվում է բարձր գնաճով և ապրանքների դեֆիցիտով։ Հունվարից երկրում արտակարգ դրության ռեժիմ է գործում։








































