Ամռանը հանգստի կազմակերպումը ջրային տարածքներում ունի ինչպես իր դրական, այնպես էլ բացասական կողմերը: ՀՀ առողջապահության նախարարության Հիգիենիկ և հակահամաճարակային պետական տեսչության շրջակա միջավայրի և կոմունալ հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ամռանը հատկապես վտանգավոր է օգտվել դեկորատիվ ջրավազաններից, քանի որ դրանք ի սկզբանե նախատեսված չեն լողալու համար: Դրանցից օգտվում են հատկապես դպրոցական տարիքի երեխաները. «Այդ ավազանները նախատեսված են շոգ եղանակին որոշակի միկրոկլիմա ստեղծելու համար, դրանք չունեն լողավազանի կառուցվածք և սանիտարահիգիենիկ պայմաններ»:
Տիկին Պետիկյանն ասաց, որ փակ լողավազանները ևս վտանգավոր են, քանի որ ջուրը կարող է երկար ժամանակ չփոխվել. «Եթե գետերի ջրերն անընդհատ հոսում և ինքնամաքրվում են, ապա բաց ջրամբարներն այդ հնարավորությունը չունեն: Երեխաները կարող են կուլ տալ այդ ջուրը, ինչի հետևանքով ինֆեկցիաներ կառաջանան օրգանիզմում»:
Բանախոսն ասաց, որ արդեն մայիս ամսից նախարարությունը ջրի որակի դիտարկումներ է անցկացնում:
Ասուլիսի մյուս բանախոս, Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը չհամաձայնեց տիկին Պետիկյանի այն հայտարարությանը, թե քաղաքի դեկորատիվ լողավազաններում չի կարելի լողալ։ «Իսկ որտե՞ղ լողանա երեխան, եթե ապրում է շատ բարձր ջերմաստիճանով քաղաքում: Եթե մենք ունենք առողջապահության նախարարություն, կարող ենք վտանգների դեմն առնել, ինչո՞ւ ենք զրկում երեխաներին դրանից: Ջրավազաններում եթե լինի հոսող ջուր, որևէ դժվարություն չի լինի»,- ասաց նա:
Ի պատասխան` տիկին Պետիկյանը նշեց, որ այդ դեկորատիվ ավազաններ կարող են կենդանիներ մտնել, ախտահարել ջուրը, երեխաները ջրի մեջ լողալով` կարող են այն որպես զուգարան օգտագործել, և ջրի մեջ կստեղծվի վարակի բույն:









































