Դերասան, ռեժիսոր, սցենարիստ Օրսոն Ուելսը վատ է արտահայտվել հոլիվուդյան շատ հայտնի դեմքերի, այդ թվում՝ Չառլի Չապլինի, Ալֆրեդ Հիչքոկի ու Էլիզաբեթ Թեյլորի մասին, հայտնում է Worst Previews-ը:
Նախկինում չհրապարակված հարցազրույցում, որը Ուելսը տվել է մահվանից քիչ առաջ, «Քաղաքացի Քեյնի» ստեղծողը Լոուրենս Օլիվիեին անվանել է «հիմար», Չապլինին՝ «ամբարտավան», ինչպես նաև քննադատել է Հիչքոկի ստեղծագործությունը՝ հայտարարելով, որ չի հասկանում, թե ինչու է նա այդքան հայտնի։
Մասնավորապես, Ուելսը Հիչքոկի «Պատուհան դեպի բակ» ֆիլմն անվանել է «վատագույն ֆիլմերից մեկը, որ ինքը կյանքում տեսել է»:
Բացի այդ, նա պատմել է, որ Ռիչարդ Բարթոնը ծաղրի առարկա է դարձել Էլիզաբեթ Թեյլորի հետ ամուսնությունից հետո:
Ընդ որում, հարցազրույցում կան նաև հաճոյախոսություններ նրա գործընկերների հասցեին: Օրինակ՝ նա դերասան ու սցենարիստ Ջոզեֆ Կոտենին որակել է որպես «փայլուն», գովել նրա դերասանական «լավ շարժուձևը», ինչպես նաև հիացմունք արտահայտել Մերլին Մոնրոյի նկատմամբ: Նա խոստովանել է, որ ինչ-որ ժամանակ հանդիպել է Մոնրոյի հետ ու նրան տարել երեկույթների, երբ նա դեռ աստղ չէր»:
Հարցազրույցը ձայնագրվել է 2 տարվա ընթացքում՝ 1983-1985 թթ.՝ Ուելսի ընկեր Հենրի Ջեգլոմի կողմից: Այն պետք է դառնար ռեժիսորի ինքնակենսագրության հիմք, սակայն նա չհասցրեց այն կազմել, քանի որ վախճանվեց 1985 թ. հոկտեմբերի 10-ին:
2013 թ. հուլիսի 13-ին հարցազրույցի սղագրությունը պետք է հրապարակվի Հենրի Ջեգլոմի «Իմ լանչերը Օրսոնի հետ» գրքում:









































