Անցյալ տարվա դեկտեմբեր ամսին ընդունվեց «Արտոնագրային վճարների մասին» օրենքը, համաձայն որի՝ 2013 թվականի հունվարի 1-ից ատամնաբույժները յուրաքանչյուր աթոռի համար պետք է վճարեն ամսական 80 հազար դրամ: Այն ատամնաբուժարանները, որտեղ աթոռները երեքից ավելի են, ամսական վճարելու են 240 հազար դրամ:
Օրենքի ընդունումից անմիջապես հետո ատամնաբույժները բազմաթիվ բողոքի ակցիաներ անցկացրին, անգամ ստորագրահավաք կազմակերպվեց, և շուրջ 2000 ատամնաբույժներ դեմ դուրս եկան օրենքին: Այնուամենայնիվ, օրենքն ուժի մեջ մտավ, և այժմ ատամնաբուժարանները գործում են ըստ այդ օրենքի:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ատամնատեխնիկ, «Կարեն» ատամնատեխնիկական լաբորատորիայի տնօրեն Կարեն Կարապետյանն ասաց, որ առանց հաշվի առնելու ոլորտի մասնագետների կարծիքը՝ ընդունվեց անգրագետ օրենք՝ քիչ չէ, այն նույնիսկ շրջանառության մեջ մտավ: Այժմ բոլոր գրանցված կենտրոնները հարկեր են վճարում ըստ սահմանված նոր օրենքի, սակայն, ինչպես փաստեց մեր զրուցակիցը, դժվար է այդքան հարկեր մուծելը, աստիճանաբար դաշտը գնում է դեպի ստվեր:
«Նոր օրենքով ատամնատեխնիկների մի մասը գնաց ստվեր՝ ամեն մեկն իր բակում, «պադվալում» աթոռ է դրել և աշխատում է, մինչդեռ մենք ուզում էինք օրինական կերպով աշխատել»,- ասաց նա:
Պրն Կարապետյանը փոխանցեց նաև, որ դեռևս ատամի բուժման գները չեն բարձրացել, սակայն այստեղ էլ թանկացումներ կլինեն. «Բացի հարկերի բարձրացումից՝ բարձրացել են նաև սարքավորումների, նյութերի գները: Չփակվելու միակ տարբերակը գների բարձրացումն է»:









































