Ավելի քան 4 մլն մարդ ստորագրել է խնդրագիր, որը կոչ է անում վերանայել ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցով հանրաքվեի արդյունքները: Խնդրագիրը հրապարակված է Բրիտանիայի խորհրդարանի կայքում: Քննարկման համար այն պետք է հավաքեր առնվազն 100 000 ստորագրություն, հայտնում է RIA Novosti-ն:
Նշվում է, որ կառավարությունը մտադիր է փաստաթղթին իր պատասխանը հրապարակել 5 օր անց: Այդ ժամանակ կսահմանվի խորհրդարանում խնդրագրի քննարկման ամսաթիվը:
«Մենք կառավարությանը կոչ ենք անում կիրառել կանոն, որի համաձայն՝ եթե ԵՄ-ից դուրս գալուն կողմ կամ դեմ քվեարկածների թիվը կազմել է 60%-ից պակաս 75%-ից ցածր մասնակցության դեպքում, պետք է ևս մեկ քվեարկություն անցկացվի»,- ասվում է խնդրագրում:
Ավելի վաղ change.org կայքում հրապարակվել էր խնդրագիր Լոնդոնը Մեծ Բրիտանիայից անկախ ճանաչելու և քաղաքը ԵՄ-ին միացնելու խնդրանքով: Այն ուղղված է եղել Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանին և հավաքել է 150 000 ստորագրություն:












































