ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հերթական բանակցություններն է սկսել Իսրայելի և Պաղեստինի հարցով: Քաղաքական գործիչը փորձում է հասնել նրան, որպեսզի ուղիղ խաղաղ բանակցություններ սկսվեն Պաղեստինի Ինքնավարության և Իսրայելի միջև, հաղորդում է Reuters-ը:
Հորդանանում Պաղեստինի Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ հանդիպելուց հետո, պետքարտուղարը ուղղաթիռով ժամանել է Երուսաղեմ, որտեղ հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Ծրագրերի համաձայն` Քերին նախատեսում է մոտ ժամանակներս երկրորդ անգամ հանդիպել Աբասի հետ Հորդանանի մայրաքաղաք Ամանում և վերադառնալ Իսրայել` Նեթանյահուին կրկին տեսնելու համար:
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքերով` Ջոն Քերիի եռաժամ հանդիպումը Նեթանյահուի հետ բավականին բովանդակալից է եղել:
Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ բանակցությունները, որոնք պետք է ավարտվեին պաղեստինյան պետության ստեղծմամբ, ընդհատվել են 2010թ. Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելական բնակարանաշինության պատճառով, որը պաղեստինցիները համարում են իրենց տարածքը:









































