«ԱՊՊԱ-ի վերաբերյալ մենք բոլոր դատերը շահել ենք: Եթե վարորդն ունի գործող ԱՊՊԱ կտրոն, բայց դիմապակու վրայից չի հանել ուժը կորցրած կտրոնը, դրա համար նա պետք է տուգանվի ոչ թե 150 հազար, այլ 10 հազար դրամ: Սակայն այն վարորդները, ովքեր տեղյակ չեն լինում դրա մասին, պետավտոտեսուչները առիթից օգտվում են և նրանց տուգանում, որտեղ էլ սկսվում է կոռուպցիոն գործընթացը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Էդուարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ դատարան դիմած վարորդների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է: Շարունակում է խնդրահարույց մնալ ՃՈ օրենքի երթևեկության կանոնների լուսացույցին վերաբերող կետը: Դատական նման մի գործ է ունեցել «Աքիլլես»-ը, որտեղ վարորդին մեղադրել են կարմիր լույսի տակ անցնելու մեջ, բայց տեսախցիկների միջոցով պարզել են, որ այդ պահին տվյալ լուսացույցի դեղին լույսը չի աշխատել, հետևաբար վարորդը չէր հասցնի արգելակել:
Ըստ «Աքիլլես»-ի նախագահի՝ տաքսիները Կենտրոնում պատվեր ընդունելիս կամ ուղևոր իջեցնելիս տուգանվում են 5 հազար դրամով, քանի որ Կենտրոնում առաջին գիծը ծանրաբեռնված է, տաքսիստը մեքենան կայանելու տեղ չունի, ստիպված մեքենան կանգնեցնում է երկրորդ գծում և տուգանվում:
«Ամրագոտու վերաբերյալ բոլոր գործերը շահել ենք, պետավտոտեսուչները չգիտես ինչ պատճառով կանգնեցնում են վարորդներին, հետո ասում են՝ լավ, եկեք գրենք ամրագոտի»,- նշեց Հովհաննիսյանը:
Էդուարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ վարորդները բողոքում են, որ իրենց կատարած խախտումների մասին որոշումները ստանում են 40 օր, երբեմն էլ երկու ամիս անց: Այս ընթացքում հասցրած են լինում նույն խախտումը կրկնել բազմիցս:










































