Եգիպտոսի զինված ուժերը երկրի նախագահ Մուհամմադ Մուրսիին և նրա ընտանիքին Կահիրեի նախագահական նստավայրից տեղափոխել են ավելի հուսալի վայր` կանխելու համար որևէ միջադեպ նախատեսված հակակառավարական ցույցերի ընթացքում:
Ներկայում Մուրսիի և նրա ընտանիքի գտնվելու վայրը հայտնի չէ, սակայն նրանք լքել են նախագահական նստավայրը, հաղորդում է NEWSru.co.il. իսրայելական կայքը:
Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ Եգիպտոսի ղեկավարությունը համազգային հակակառավարական ցույցի նախաշեմին երկրի մայրաքաղաք Կահիրե և այլ քաղաքներ է մտցրել բանակային ստորաբաժանումներ: Զորքերը պահպանելու են ռազմավարական կարևոր օբյեկտները, ներառյալ՝ էլեկտրակայանները, Սուեզի ջրանցքը:
Այս կերպ իշխանությունները պատրաստվում են հունիսի 30-ին նշանակված ցույցին: Ակնկալվում է, որ ընդդիմադիր խմբավորումների կողմից կազմակերպված զանգվածային ակցիաներին կմասնակցեն տասնյակ հազարավոր մարդիկ: Նրանք իրենց բողոքն են արտահայտելու Մուհամմադ Մուրսիի և «Մուսուլման եղբայրների» քաղաքականության դեմ:








































