Հռոմի Ֆրանցիսկոս պապն ավարտեց առաջին քրիստոնյա երկիր իր ուխտագնացությունը: Եռօրյա այցն ամփոփվեց «Զվարթնոց» օդանավակայանում, ուր նրան ճանապարհելու էին եկել ՀՀ նախագահը, առաջին տիկինը, Ամենայն հայոց կաթողիկոսը, հոգևոր և աշխարհիկ իշխանությունների այլ ներկայացուցիչներ: Տեղի ունեցավ պատվիրակությունների հետ հրաժեշտի արարողություն:
ՀՀ նախագահը ձեռքսեղմումով հրաժեշտ տվեց Հռոմի պապին Հայաստանում ուղեկցած պատվիրակության անդամներին: Ֆրանցիսկոս պապը, իր հերթին, ցտեսություն ասաց հայաստանյան պատվիրակությանը, որի կազմում էին նախարարներ, հոգևոր այրեր, այլ պաշտոնյաներ: ՀՀ պատվո պահակախմբի ղեկավարը Հռոմի պապին զեկուցեց, որ պահակախումբը շարված է, հնչեցին ՀՀ և Վատիկանի օրհներգերը: Կարմիր գորգի վրայով Պապն անցավ մինչև ինքնաթիռը եղած ճանապարհը, ջերմորեն հրաժեշտ տվեց ՀՀ նախագահին, բարձրացավ ինքնաթիռ` վերջին անգամ հայոց հողի վրա օրհնելով հավաքվածներին:









































