Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Անահիտ Սարդարյանի գործով պաշտպանական կողմի բերած բողոքը:
Ամբաստանյալի աթոռին այսօր ևս մեկ անգամ «նստեց» 2013 թվականի հունիսի 5-ին ծնված Գոհարիկը: Ամբաստանյալ մոր՝ Անահիտ Սարդարյանի գրկում նորածինը ամբողջ դատական նիստի ընթացքում թաթիկները վեր պարզած քնեց: Նրա համար միևնույնն էր, թե որտեղ է: Մոր գրկում էր ու՝ վերջ: Իսկ դատավարության կողմերը անդրադառնում էին մուշ-մուշ քնած մանկիկին՝ որպես մեղմացուցիչ հանգամանքի, ներկաները մեղմ հայացքներ էին գցում երեխայի վրա, կալանավորին ուղեկցող համազգեստավոր կանայք մի առանձին հոգատարությամբ էին նայում, գրկում, ժպտում փոքրիկին, ում անվտանգությունը տվյալ պահին վստահված էր նրանց:
Անահիտ Սարդարյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել 2012 թվականի սեպտեմբերի կեսերին սեռական շահագործման նպատակով անչափահաս՝ 1995 թվականի փետրվարի 2-ին ծնված Ս.-ին Վաչագան Մարտիրոսյանին հանձնելու համար: Վաչագանից «ծառայության» դիմաց Անահիտը պահանջել ու ստացել է 20 հազար դրամ:
Վաչագանը Անահիտից ձեռք բերած աղջկան՝ Լոռու մարզի գյուղերից մեկի բնակչուհուն, նախ տարել է Վանաձորում ապրող իր պապիկի տուն, ապա տեղափոխել Լոռու մարզի Գուգարք գյուղի Էներգետիկների փողոցի տնակներից մեկը, որտեղ սեռական հարաբերություններ է ունեցել տասնութը չլրացած աղջկա հետ:
Անչափահասին սեռական շահագործման հանձնած Անահիտ Սարդարյանը կալանքի տակ է առնվել 2012 թվականի հոկտեմբերի 30-ին:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի 1-ին մասով:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Անահիտ Սարդարյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, միջնորդել, որ իր գործը քննվի արագացված ընթացակարգով:
Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը 35-36 շաբաթական հղիություն ունի:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2013 թվականի մայիսի 18-ի դատավճռով 21-ամյա վանաձորցի Անահիտ Սարդարյանին դատապարտել է 7 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի հոկտեմբերի 30-ից:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք են բերել Անահիտ Սարդարյանի շահերի պաշտպանները՝ միջնորդելով իրենց պաշտպանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ՝ 3 տարի 6 ամիս ազատազրկում սահմանել, ապա պայմանական դատապարտության կիրառմամբ փորձաշրջան նշանակել:
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր պաշտպաններ Լ. Օհանյանն ու Ռ. Ասատրյանը հիմնավորեցին իրենց բողոքը: Նրանք անհիմն համարեցին ընդհանուր իրավասության դատարանի կողմից ակնհայտ խիստ պատժի նշանակումը ծննդաբերության շեմին գտնված կնոջ նկատմամբ: «Արագացված ընթացակարգի պայմաններում Անահիտի նկատմամբ չէր կարող նշանակվել 7 տարի ազատազրկումից ավելի խիստ պատիժ: Դատարանը, փաստորեն, տվյալ դեպքում սահմանել է ամենախիստ պատիժը՝ առանց հաշվի առնելու մեղմացուցիչ հանգամանքները»,- ասաց պաշտպան Օհանյանը:
Ամենամեղմացուցիչը հիմա արդեն նորածին երեխան է, իհարկե: Մյուս հանգամանքը Անահիտ Սարդարյանի զղջումն է: Նա ընդունել է մեղքը, տվել խոստովանական ցուցմունքներ:
Անահիտ Սարդարյանը վերաքննիչ քրեական դատարանում արտասվելով էր մեղմություն խնդրում. «Ես չեմ հասկացել, չեմ գիտակցել, թե ինչ եմ անում: Բայց հիմա, երբ մայր եմ դարձել, ես էլ երեխա ունեմ, հասկանում եմ, որ իրավունք չունեի ուրիշի աղջկա նկատմամբ նման արարք կատարելու: Ես չեմ ուզում, որ իմ երեխան մեծանա կալանավայրում, խնդրում եմ, մեղմ վարվեք»:
Տուժողն այսօր էլ չէր ներկայացել: Ընդհանուր իրավասության դատարանում նա խնդրել է մեղմ պատժել Անահիտին, ասել է, որ նրանից բողոք չունի, հաշվի է առնում, որ նա հղի է: Անչափահաս տուժողի ապրելակերպը, ցավոք, այնպիսին է եղել, որ հնարավոր է եղել նրան, որպես ժամանցի միջոց, փոխանցել անծանոթ երիտասարդին:
Անահիտ Սարդարյանը բազմազավակ ու անապահով ընտանիքի երեխա է, հինգ երեխաներից՝ ավագը: Նրա եղբայրը ներկայումս ծառայում է բանակում: Մայրը եկել էր դատարան, նայում էր աղջկան, թոռնիկին, անհանգստանում էր: Բայց ժամանակին նա էլ, ուրեմն, ճիշտ չի դաստիարակել, որ 21-ամյա Անահիտը, նորածնին գրկած, այսօր նստած է ամբաստանյալի աթոռին՝ ծանր հանցագործության համար 7 տարի ազատազրկման դատապարտված:
Բազմազավակ, անապահով ընտանիքներում տիրող իրավիճակը, բարոյահոգեբանական մթնոլորտը, տարրական ապրուստի միջոցների առկայության, դաստիարակության, ուսման հարցերը պետք է պատկան մարմինների ուշադրության կենտրոնում լինեն, այլապես ամեն գնով փող աշխատելու դեպքում սայթաքումների հավանականությունը նման ընտանիքներում կարող է մեծ լինել:
Մեղադրանքը պաշտպանող դատախազը պաշտպանական կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքի դեմ առարկեց մասնակիորեն: Դատախազը դեմ չէր, որ Անահիտ Սարդարյանի նկատմամբ սահմանվի օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ՝ որպես բացառիկ հանգամանք հաշվի առնելով օրեր առաջ ամբաստանյալի մայրանալու հանգամանքը: Մեղադրողն այդ դիրքորոշումը հայտնել էր նաև ընդհանուր իրավասության դատարանում: Բայց նա դեմ էր պայմանական դատապարտության կիրառմանը՝ նկատի ունենալով տվյալ հանցագործության հանրային վտանգավորության բարձր աստիճանը, անչափահասի նկատմամբ կատարված լինելը:
Վերաքննիչ քրեական դատարանը պաշտպանական կողմի բողոքը բավարարեց մասնակիորեն: Պատժի մասով փոփոխվեց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը. ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառմամբ Անահիտ Սարդարյանը դատապարտվեց 5 տարի ազատազրկման:
Պաշտպանական կողմը և ամբաստանյալը կարծես թե գոհ մնացին պատժի երկամյա մեղմացումից:
Դատական ակտի հրապարակման պահին ամբաստանյալի տեղում ճակատագրի բերումով հայտնված նորածինը կուշտ ու հանգիստ քնած էր:







































