Ավելի վաղ նշել էինք, որ ՍԴՀԿ համակարգող, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը որոշել է երկու ամսով սառեցնել իր հարաբերությունները կուսակցության հետ: Չի բացառվում, որ վերջինս առաջիկայում որոշի նոր կուսակցություն հիմնել: Առհասարակ վերջին շրջանում որքան էլ շատ կուսակցություններ են հիմնվում, մարդկանց հիասթափությունն ավելի է խորանում: ՀՀՇ-ն վերանվանվեց ՀԱԿ, հայտնի դարձավ, որ ստեղծվելու է նոր ՀՀՇ, հիմա էլ սոցիալիստական ալյանս:
Պարոն Եղիազարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք կուսակցությունների այսօրինակ առատությունը չի՞ խորացնում մարդկանց հիասթափությունը, վերջինս մեզ հետ համաձայնեց՝ ավելացնելով, որ դեռ վերջնական որոշում չի կայացրել՝ կհիմնադրի՞ կուսակցություն, թե՞ ոչ. «Ճիշտն ասած, այդ ալյանսը ստեղծելու մեջ հաստատակամ չեմ, և գլխավորը, իմ կարծիքով, միավոր ստեղծելն է, որի շուրջ կհամախմբվեն նույն գաղափարախոսության տեր մարդիկ»,- ասաց նա:
Մեր այն հարցին, թե իր կարծիքով՝ ովքե՞ր կհամախմբվեն իր ստեղծած կուսակցության շուրջ, Գուրգեն Եղիազարյանն ասաց. «Ես հիմա բանակցային գործընթացի մեջ եմ և չէի ուզի ժամանակից շուտ հայտարարություններով հանդես գալ. երբ իմ ընկերների, գործընկերների հետ ավարտեմ բանակցությունները, այն ժամանակ հայտարարությունը կլինի»:
Դիտարկմանը, թե փաստորեն Հայաստանում կավելանա ևս մեկ ռուսական ուղղվածության ուժ, մեր զրուցակիցն ասաց. «Կուսակցությունը կունենա սոցիալ-դեմոկրատական ուղղվածություն, այսօր Եվրոպայի 60 տոկոսում սոցիալ-դեմոկրատները գտնվում են լրջագույն քաղաքական դիրքերի վրա, իսկ Ռուսաստանում սոցիալ-դեմոկրատները չեն»:
Հետաքրքրվեցինք նաև, թե այդ գաղափարը նրա մոտ ե՞րբ առաջացավ՝ դատական նիստերից հետո՞, Գուրգեն Եղիազարյանն ասաց. «Ի՞նչ է նշանակում Հայաստանում դատարան կամ դատարանի որոշում ու դատավճիռ. այդպիսի բան այստեղ չկա: Հայաստանում կա հեռախոսով զանգ հասկացությունը. զանգ տվեց շեֆը՝ այսպես է լուծվում, չէ՝ այնպես. սա նորմալ է, սա Հայաստանի Հանրապետությունն է, ուրիշ երկրի հետ պետք չէ խառնել, դատարանից սպասելիքներ ոչ մի անգամ մարդ չպետք է ունենա, կլանի առաջնորդի տեսակետն այստեղ ընդունվում է որպես դատարանի վճիռ»:










































